Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ռեւերանսները չեն փրկելու ձեզ. Արման Բաբաջանյանը՝ իշխանություններին

Սեպտեմբեր 09,2024 22:40 Share

«Ես տեսնում եմ, որ հենց գործընթացի մեկնարկին իշխանության տարատեսակ փորձագետների կողմից փորձ է արվում աղճատված ներկայացնել մեր նպատակները: Սա իրականում ներքին քաղաքական օրակարգի մասին չի կարող լինել: Որովհետեւ այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կանգնած են ՀՀ շուրջ, դրանք հաղթահարելուն միտված այս գործընթացը շատ ավելի կարեւոր է, քան որեւէ ներքին հարց, որը կարող է միտված լինել 2026 թվականին: Բոլոր նրանց, որոնք հարց են բարձրացնում՝ սա նախընտրական ձեւաչափ է, գործընթացի մաս եւ այլն, նախ պետք է հարցնել, մենք 2026-ին ի վիճակի լինելո՞ւ ենք այս տեմպով հասնել, թե՝ ոչ: Մեր խնդիրը արժանապատվորեն 2026-ին հասնելն է եւ թույլ տալը, որ մեր ժողովուրդը հենց 2026-ին կարողանա ընտրություն կատարել: Որովհետեւ սրա այլընտրանքն այն է, որ այս ընտրությունների ելքը կարող են բոլորովին այլ դերակատարներ որոշել: Այս նպատակի հիմքում մենք դրել ենք կոնսենսուսը: Բոլորս համաձայն ենք, չէ՞, որ ՀՀ-ն պետք է գոյություն ունենա: Ուրեմն գոյության այլ հնարավորություն չենք տեսնում: Միայն այս օրակարգի շնորհիվ ՀՀ-ն կարող է հարատեւել, որեւէ այլ նպատակ չի կարող ավելի կարեւոր լինել, քան այս հռչակված իղձը: Մեր կուսակցական դրոշները խոնարհում ենք, որ բարձրանա ՀՀ դրոշը»,- ԵՄ-ը միանալու համար ստորագրահավաք սկսելուն վերաբերող պանելային քննարկման ժամանակ այսօր ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ Եվրամիություն ձգտող հայաստանյան արտախորհրդարանական 4 ուժ սեպտեմբերի 4-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Այդ ուժերն են «Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունները:

Այդ հարցով ձևավորվել է Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։

Արման Բաբաջանյանի խոսքով, իրենց նախաձեռնության հարցում որոշակի համախոհություն ունեն իշխանությունների հետ, կան միայն որոշ տակտիկական տարընթերցումներ. «Իրենք ինչ-որ ժամկետների մասին են խոսում, որ դրա համար պատեհ ժամկետներ կան…բուն անդամակցությունից ավելի կարեւոր է այն հանրաքվեն, որ ուզում ենք անցկացնել: Ուզում ենք հիմա ֆիքսվի ՀՀ ռազմավարական ընտրության հարցը, որ ՀՀ-ն ֆիքսի, որ ԵՄ անդամակցությունը անշրջելի նպատակ է»:

Արման Բաբաջանյանն ասաց նաեւ, որ իրենք իրապես վախեր ունեն, որ իշխանությունները հնարավոր է ի վիճակի չլինեն սպասարկել ներքին բարեփոխումների այն օրակարգը, որը մեր երկիրը կենսունակ կդարձնի դիմակայել այն մարտահրավերներին, որոնք մեր շուրջ այս օրերին հունցվում ու սաստկանում են. «Եվ մենք դրանց համարժեք պատասխանելու փոխարեն փորձում ենք Ռուսաստանին վերաբերող ռեւերանսներ անել, կամ ԲՐԻԿՍ վազել: Ես ուզում եմ իշխանություններին հորդորել, որ այդ ռեւերանսները չեն փրկելու ձեզ, ԲՐԻԿՍ-ը չի փրկելու ծառացած խնդիրներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30