Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց. Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փաստ»

Դեկտեմբեր 12,2024 10:42 Share

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում: Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևելյան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային, Իսրայելին, Եգիպտոսին և նաև Իրանին»:

Սիրիայում տեղի ունեցածի համատեքստում խոսվում է աշխարհում և տարբեր հակամարտություններում Թուրքիայի դերի մեծացման մասին, և Իրանի ու Ռուսաստանի դերի և հեղինակության նվազման մասին: «Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է ակտիվացել հարակից բոլոր տարածաշրջաններում, և ոչ միայն ակտիվացել է, այլ նաև կարողանում է ինչոր արդյունքներ արձանագրել, ունենալ: Այս փաստը Հայաստանի համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան նույնիսկ Արցախի հարցով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա Հարավային Կովկասում նաև ռազմական ներկայություն ունի: Սա սպառնալիք է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ չէի ասի, որ սա հենց Թուրքիայի ուժն է, միայն նրա ձեռքբերումը: Ամեն դեպքում, ինչ էլ ասեն, ինչպես էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ներկայացնել, ակնհայտ է մեկ բան, որ Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործիքը մեր տարածաշրջանում, նաև Մերձավոր Արևելքում:

Թուրքիան ինքնուրույն չի կարողացել հասնել այդ հաջողություններին: Թուրքիային օգնել և օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Թուրքիայում հաճույքով են այդ դերին համաձայնում, որովհետև իսկապես իրենց ազդեցությունն էլ է մեծանում: Բայց դա միայն իրենց ազդեցությունը չէ, դա Արևմուտքի ընդհանուր ազդեցության մեծացումն է: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է լավ գիտակցենք, գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղից կարող են Հայաստանի համար սպառնալիքներ լինել: Նույն կերպ չէի ասի, թե Ռուսաստանն ու Իրանն են վերջնականապես կորցրել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում: Նշեցի, որ պայմանավորվածություն է եղել, դա ինքնին պետք է վկայի այն մասին, որ Ռուսաստանը հենց այնպես ամբողջությամբ դիրքերը չէր զիջի, փոխարենն ինչ-որ բաներ պետք է ստացած լինի: Կարծում եմ՝ այդ «փոխարենը»՝ առևտրի Ռուսաստանի բաժինը, հետխորհրդային տարածաշրջանում է, առաջին հերթին՝ Ուկրաինայում, հուսով եմ՝ ինչոր չափով նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Եթե այս վարկածը հաստատվի, կարծում եմ՝ մեզ համար, որպես երկիր, իհարկե, դրական ազդակներ կլինեն:

Համենայն դեպս, հերթական անգամ ցեղասպանվելու սպառնալիքը պատմական այս շրջափուլում հաղթահարված կլինի: Սա դեռևս վարկած է: Այն, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքը փոխարինում է Հարավային Կովկասով, դեռ չի նշանակում, որ իրենց ամբողջությամբ բավարարված են զգալու կամ դա էր իրենց ցանկությունը: Միևնույնն է, դա թուլացում է Ռուսաստանի համար, և ապագայում դրա հետևանքները Ռուսաստանն անպայման կտեսնի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց», նշում է մեր զրուցակիցը:

Կարծում եմ՝ ոչ թե պետք է գուշակություններ անել, թե ինչ կլինի, այլ երկիրը պետք է փորձի պատրաստվել վատագույն սցենարներին, ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի թուրքադրբեջանական նոր ագրեսիա Հայաստանի վրա, դրա համար անհրաժեշտ է, օրինակ՝ պահպանել գործող անվտանգային մեխանիզմները, որքան էլ դրանք վատն են կամ լավը: Խոսքն այս դեպքում ՀԱՊԿի մասին է: Դրան այսօր ձեռք տալ պարզապես չի կարելի, որովհետև դա հնարավորություններ կբացի թշնամիների համար ավելի ակտիվ և հետևողական լինել Հայաստանը կործանելու իրենց քաղաքականության մեջ:

Պետք է փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վստահելի հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որովհետև պարզ է, որ Հարավային Կովկասի ցանկացած զարգացում, լուծում, միևնույնն է, պայմանավորված է լինելու այս երկու երկրների դիրքորոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ ինչոր սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ երկրները Հայաստանն անտեսեն կամ նպատակաուղղված վատություն անեն մեր երկրին: Այս պահին պետք է փորձել խելամիտ, ծանր արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը»,- եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031