«Ցեղասպանական հանցագործությունների կրկնությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին ու վաղ արձագանքելու բոլոր հնարավոր մեխանիզմները կիրառել»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ փաստեց Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի ժնևյան ներկայացուցիչ Էլիզաբեթ Պրամենդորֆերը։
Նա վստահեցրեց՝ ամեն օր աշխատում են ցեղասպանություններից տուժած համայնքների հետ՝ Գազայում, Սիրիայում, Սուդանում, Եմենում, Չինաստանում և այլ երկրներում ու նշեց․ «Կարևոր է, որ ոչ միայն այս անձանց ձայնը լսելի լինի, այլև իրենք լինեն ՄԱԿ-ում որոշումների կայացման գործում ամենահավակնոտ հատվածը»։
Ըստ նրա՝ միայն համերաշխությունն այս հարցերի կանխարգելման կարևորության խնդրով բավարար չէ, պետք է նաև հստակ քաղաքականություն։
Անդրադառնալով հայոց ցեղասպանությանը՝ Էլիզաբեթ Պրամենդորֆերը հայտարարեց․ «Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ընդունելով, որ 100 տարի առաջ օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանական հանցագործություններ էին։ Հիշենք նաև հայերի վերջին էթնիկ զտումները ԼՂ-ում։ Փոքր պետությունների դերը կարևոր է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման գործում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































