«Մեր թիմը երեք տարի Վոլոդյա Գրիգորյանի գլխավորությամբ շարունակեց աշխատել բնակիչների հետ՝ չհուսահատվելով։ Կարևոր է ընտրողներից չնեղանալ, չասել, որ ժողովուրդը մեզ չի հասկանում, հիասթափված է։ Ժողովուրդը հիասթափված է․ պետք է այդ հիասթափությունը հաղթահարել, այնպես անել, որ վստահեն։ Ծանր, բարդ աշխատանք է, բայց հաղթելու կարևոր գործոններից է աշխատել քաղաքացիների հետ, ոչ թե այդ պայքարը ձևավորել միայն քաղաքական դաշտում, հետո մեղադրել քաղաքացիներին։ Արդյունքում ունեցանք ավելի շատ մասնակցություն, ճնշող մեծամասնությունը Փարաքարում մեզ վստահեց»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքում ավագանու ընտրություններին և ընդդիմության հաղթանակին։
Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց՝ իշխանությունը շարունակում էր լայնորեն կիրառել վարչական ռեսուրս․ ոչ միայն դա կիրառվում էր համայնքի պաշտոնյաների կողմից, այլ ուժային, պետական կառույցների կողմից՝ մի քանի նախարարների ներգրավմամբ․ «Այդքանով հանդերձ՝ սա կարևոր արձանագրում է»։
Անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «ՔՊ-ն, ունենալով տեղական իշխանություն, երկու իրարից տարբեր համայնքներում կարողանում է արձանագրել 30-35 տոկոս արդյունք։ Սա նշանակում է, որ նորմալ աշխատանքի դեպքում հնարավոր է հաղթել ՔՊ-ին տեղական ընտրություններում»։
Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ Գյումրիում բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն ըստ նրա՝ սրան նախօրոք պետք էր պատրաստվել․ «Վիճակը բարդ է․ բացի քաղաքականից, անձնական հակասություններ կան։ Այն, որ ՔՊ-ն չի հաղթել, և ընդդիմադիր ուժերը միասին կարողանում են իշխանություն ձևավորել, հավանական սցենար էր։ Ֆանտաստիկ իրավիճակ չի ստեղծվել, որ մի քանի ուժով միավորվելով՝ կարող են ՔՊ-ին հաղթել։ Նախօրոք այս սցենարն իմանալով՝ պետք էր հասկանալ, թե ինչ պետք է անել և լուծում տալ կարճ ժամանակում։ ՔՊ-ի պարտությունը Գյումրիում չպետք է թերագնահատել։ Դա մի փոքր հույս է առաջացնում, որ ընտրություններով կարելի է հաղթել ՔՊ-ին»։
Կարդացեք նաև
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ոչ միայն ՔՊ-ին հաղթելն է կարևոր, այլև շատ կարևոր է, որ համատեղ ջանքերով ընդդիմադիր ուժերը փորձեն ստանձնել Գյումրիի կառավարումը․ «Անկախ նրանից, որ այս ընտրությունները քաղաքական են, կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը միասին ոչ միայն քաղաքական որոշումով ՔՊ-ին իշխանազրկեն, այլև համայնքը արդյունավետ կառավարեն։ Այս բարդ իրավիճակում բարդ ու համբերատար լուծումներ են պետք։ Կարևոր է, որ հասարակությունը չհիասթափվի, որ այդ ոգևորությունը մարդիկ շարունակեն նաև համապետական ընտրությունների ժամանակ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































