Լրահոս
Օրվա լրահոսը

Կռացած, ուսերը կախ: Հասկանալի է՝ Փաշինյանն անելու է այդ բոլոր զիջումները, բայց դրա արդյունքը կտեսնենք ուշացումով, օրինակ, 2026թ․ ընտրություններից հետո. Արթուր Մարտիրոսյան. «Հրապարակ»

Մայիս 20,2025 10:24

Բանակցային հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վերլուծում է Փաշինյանի՝ Տիրանա այցն այն տեսապատկերների ու կարճ, դրվագային զրույցների հիման վրա, որոնք հասանելի դարձան հանրությանը։

«Եթե նայենք ոչ վերբալին, Փաշինյանը կռացած է, ես կասեի՝ ուսերը կախ, երբ նա սկզբում մոտենում է Ալիեւին՝ խոսելու համար։ Սա խոսում է հնազանդության ու վստահության պակասի մասին։ Երբ արդեն նստած սուրճ են խմում, տեսնում ենք, որ նա ուղիղ Ալիեւի աչքերի մեջ չի նայում։ Սա էլ է հնազանդության շատ տարածված նշան։ Փաշինյանի ժպիտը նյարդային է, պարզ է, որ լարված է եւ ստիպված է ժպտալ։ Մենք չենք լսում, թե նրանք ինչ են խոսում, բայց Փաշինյանի ձեռքերի ափերը բաց են, իսկ դա նշանակում է՝ իբրեւ թե ես բաց եմ, ազնիվ եմ, բայց նաեւ նշանակում է, որ, մյուս կողմից, դու ողորմություն ես խնդրում, այսինքն՝ այդ վիճակում ես հայտնվել։ Երբ արդեն կանգնած շփվում է Էրդողանի եւ Ալիեւի հետ, նրանք տարածությունը պահում են․ սա կարեւոր է, որովհետեւ գերիշխող ընկալվողներն են հեռավորություն պահպանում։ Սա կարեւոր է հասկանալ, իսկ ձայնը, երբ Փաշինյանը հրավիրում է Ալիեւին սուրճ խմելու, շատ մեղմ է, նույնիսկ ինչ-որ պահի թվում է, թե կակազելով է խոսում, գուցե դա նրա ռուսերենի իմացության մակարդակով է պայմանավորված։ Այնպես որ, եթե միայն ոչ վերբալն ենք դիտարկում, Ալիեւի պահվածքն ավելի վստահ է, նա փորձում է, իբրեւ կիրթ անձնավորություն, չմերժել, երբ իրեն խնդրում են հանդիպել, բայց դա չի նշանակում, որ այդ հանդիպումը սուրճի շուրջ մեզ համար որեւէ դրական բան է ունեցել»,-բացատրում է մասնագետը։

Այս հանդիպումները տարբեր մակարդակներում, Արթուր Մարտիրոսյանի խոսքով, իրականում ոչինչ չեն նշանակում։ Մասնագետն ասում է՝ գործ ունենք սուլթանական ռեժիմի հետ, որտեղ բոլոր հարցերի լուծումներն ու առաջարկությունները, միեւնույն է, գալու են Ալիեւից, ու տարածված խոսակցությունները, թե ադրբեջանական կողմի դիրքերի փոփոխություն կարող է լինել, եթե տարբեր ինտիտուտների միջեւ ակտիվ երկխոսություն հաստատվի, պարզապես մոլորություն է։

«Եթե լինելու են բանակ­ցություններ, մյուս կողմը շարունակելու է պնդել, որ հայկական կողմը գնա զիջումների։ Այդպիսի բանակցությունների Ադրբեջանը միշտ պատրաստ է գնալ, իսկ հայկական կողմը պատրա՞ստ է, թե՞ նրանց թվում է, որ Ալիեւին համոզելու են, որ շուտափույթ կերպով ստորագրի այդ փաստաթուղթը, որին նաեւ ԵՄ-ն է աջակցում»,- նշում է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը պնդելու է Հայաստանից ակնկալվող այն զիջումները, որոնք արդեն իսկ հանրայնացված են։ Այդ շարքից է նաեւ զինանշանի փոփոխության պահանջը, բայց Մարտիրոսյանը համոզված է՝ սա Բաքվի վերջնական ցանկը չէ։

«Ես համոզված եմ, որ կա Ադրբեջանի պահանջների մի ցուցակ, որոնց մասին մենք չենք էլ տեղեկանում, իսկ ինչո՞ւ չեն հանրայնացնում, որովհետեւ եթե հանրայնացնեն, դա Հայաստանի իշխանության համար ներսում նոր խնդիրներ է ստեղծելու, իսկ թուրքական-ադրբեջանական կողմին դա պետք չէ, իրենց պետք է, որ իշխանության մնա Փաշինյանը եւ շարունակի անել այն, ինչ շարունակում է։ Հասկանալի է, որ Փաշինյանը բանակցություններով անելու է այդ բոլոր զիջումները, բայց մենք դրա արդյունքը կտեսնենք ուշացումով, օրինակ, 2026թ․ ընտրություններից հետո»,- ընդգծում է բանակցային գործի մասնագետը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031