Դրանից հնարավոր չէ ոչ մի տեղ փախչել, բայց…
Անցած շաբաթվա վերջին Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքն աղմկոտ կռիվների մեջ էին: Քանի որ երկուսն էլ բիզնեսմեն են, փողի գործոնը նրանց քաղաքական կռվում առաջնային էր: Մասքին դուր չեկավ կառավարության առաջարկած հարկային օրինագիծը: ԱՄՆ նախագահը դրան իր պատասխան ասաց, որ գիտի, թե ինչու է Իլոնն այդ օրինագիծը քննադատում՝ որովհետեւ դրանով գործարարը կզրկվի հարկային արտոնություններից: «Դուք ուզում եք տնտեսել մի քանի միլիարդ դոլա՞ր՝ օրինագիծը ցույց է տալիս դրա ճանապարհը», – խորամանկ ակնարկ արեց Թրամփը: Հիշեցնենք, որ ընտրվելուց հետո նա Մասքի ձեռքը «թուր» տվեց, որը կոչվում էր Կառավարության արդյունավետության հիմնադրամ (DOGE), որը կրճատում էր կառավարության ծախսերը, երբեմն ուղղակի կադրային ջարդ էր իրականացնում: Թրամփի ասածն այն է, որ պետական բյուջեին օգուտ բերելու ավելի հեշտ ճանապարհներ կան:
Եվ սկսվեց: «Բա քո ընտրարշավի համար ո՞վ է միլիարդներ ծախսել»: «Այ, հեսա կզրկեմ քո SpaceX-ն ու Tesla-ն միլիարդավոր պետական պատվերներից»: «Այ, հեսա կիջեցնեմ NASA-ի համար աշխատող իմ արբանյակը»: «Խելքդ թռցրել ես, էլ քո կարմիր «Տեսլան» չեմ քշելու»… Բառացիորեն այդպես չի ասվում, բայց իմաստը հենց դա է:
Մասքը նույնիսկ մի պայմանական «քեռակին» հայտնաբերեց, որի անունն է Ջեֆրի Էփշթեյն: Վերջինս մեծահարուստ է, որը դատապարտվել է սեռական բնույթի հանցագործությունների համար: Մասքն ակնարկնեց, որ Թրամփն այդ պատմությունների հետ ինչ-որ կապ ունի: Մի խոսքով որոշել է զբաղվել Թրամփի «կուսակրոնության ուխտով»:
Կարդացեք նաև
Քանի որ Մասքն աշխարհի ամենահարուստ մարդն է եւ խոշորագույն «X» (նախկին «Թվիթեր») սոցիալական ցանցի սեփականատերը, իսկ Թրամփն ամենահզոր տերության ղեկավարն է, ուժերը մոտավորապես հավասար են, եւ այդ կռիվը կարող է դեռ երկար տեւել: Օրինակ, Մասքը կարող է «շահագրգռել» կոնգրեսականներին՝ քվեարկել վիճելի օրինագծի դեմ: Էլ չասած՝ իմփիչմենթի մասին:
Երեկ, սակայն, Մասքը հայտարարեց, որ զղջում է Թրամփի մասին իր որոշ գրառումների համար:
Բայց ինձ հետաքրքրում է մեկ ուրիշ հարց. նման իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ է քաղաքականությունը: Դա մի բան է, որը բաժանում է մարդկանց:
Նման պառակտումներ տեղի են ունենում մշտապես, դարերի ընթացքում, եւ մենք էլ Հայաստանում դրա ականատեսն էինք բազմիցս՝ չնայած պատճառներն ակնհայտորեն տարբեր են Թրամփ-Մասք հակամարտության պատճառներից: 1988-1991 թվականներին ոչ մեկի մտքով, կարծում եմ, չէր կարող անցնել, որ 1996 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը անհաշտ հակամարտության մեջ են լինելու: 1992 թվականին բացարձակապես կանխատեսելի չէր, որ Աշոտ Մանուչարյանը 1994-ին իր նախկին զինակիցներին կանվանի «պոռնիկ»:
Քաղաքականությունը մարդկանց շպրտում է տարբեր անկյուններ, այնտեղ նրանք ընդունում են բռնցքամարտիկի դիրք, գալիս են մեջտեղ ու սկսում իրար հարվածել: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն «բարձր մակարդակում», դա կատարվում է նաեւ մեզ՝ շարքային քաղաքացիներիս հետ: Երեւի, յուրաքանչյուրս կհաստատի, որ ընտանեկան, բարեկամական կամ ընկերական հավաքների ժամանակ մենք լարվում ենք, երբ որեւէ մեկի խոսքը ձեռք է բերում քաղաքական երանգներ: Մենք փորձում ենք կանխել այդ խոսակցությունները, որովհետեւ գիտենք՝ սրա վերջը կռիվ է լինելու, եւ հարազատները, ընկերները կարող են խզել իրենց կապերը, օրինակ, «նիկոլական» եւ «հականիկոլական» լինելու պատճառով: Այս իրավիճակը քիչ է ասել՝ ձեռնտու է ներկայիս իշխանություններին, ավելին՝ նրանք ամեն ինչ անում են, որ մեր մեջի անջրպետը խորանա:
Քաղաքականությունը հնարավոր չէ «չեղարկել», այն միշտ պարտադիր կազմելու է ժամանակակից մարդկանց կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ փակել ականջներն ու աչքերը, նույնիսկ եթե բարեբախտություն ունես Ֆեյսբուքում չլինելու: Հնարավոր է, սակայն, զուգահեռաբար ապրել այլ՝ հոգեւոր, մտավոր կյանքով, այն արժեքներով, որոնք մեզ միավորում են: Ինձ համար դրանք նախեւառաջ քրիստոնեական արժեքներն են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2025