Հրատապությունը խնդիր չի լուծելու, հանեք նախագիծը՝ համապարփակ քննարկենք․ այսօր Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
5 կողմ ձայներով նախագիծը դրական եզրակացություն չստացավ։ ԱԺ կանոնակարգով 6 կողմ ձայն էր անհրաժեշտ։ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը եւ Անդրանիկ Քոչարյանը «կծմծեցին» իրար։
Քրիստինե Պողոսյանը մինչ քվեարկությունը հայտարարեց՝ միանձնյա որոշում չունի՝ նախագիծը տապալելու, իսկ խմբակցության կարծիք չի ձեւավորվել, կառավարությունն էլ դրական է արտահայտվել։
Կարդացեք նաև
«Եթե պարոն Քոչարյանը դեմ քվեարկեր՝ չէր անցնի»,- ասաց նա։ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց․ «Եթե տիկին Պողոսյանը դեմ քվեարկեր՝ չէր անցնի»։
Իսկ Գեղամ Մանուկյանը նկատել էր՝ Հայկ Սարգսյանի եւ կառավարության ներկայացրած նախագծերում տարբերություններ կան ու տարակուսել՝ ինչի՞ն են քվեարկելու։
Իր եզրափակիչ ելույթում Հայկ Սարգսյանը հայտարարեց՝ նախագիծը ետ չի վերցնելու, թեեւ հարակից զեկուցողն էլ էր առաջարկել՝ ետ վերցնել այն։ Հայկ Սարգսյանը մեկ առ մեկ թվարկեց բոլոր այն հանդիպում-քննարկումները, որոնց մասնակցել է Անդրանիկ Քոչարյանը եւ դեմ կարծիք չի հայտնել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր կարգով, ընդամենը մի քանի վերապահումներ է ունեցել, որոնք քննարկվել են։
Հայկ Սարգսյանն ասաց, որ վերջին երեք ամիսներին Անդրանիկ Քոչարյանը քննարկումներին չի մասնակցել, իսկ երբ կոմիտեի նիստում քննարկումների մասին ինքն ասել է՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ շատ ուրախ է, որ նախագիծը դրական եզրակացության է արժանացել։ Հայկ Սարգսյանը հայտարարեց՝ վարչապետի մոտ քննարկումների ժամանակ Անդրանիկ Քոչարյանը միանգամայն այլ կարծիք է հայտնել։
«Սրա՞ մասին էր, ես ուրախությունից կմեռնեմ»,- հեգնեց Անդրանիկ Քոչարյանը։
«Ես նշել եմ, որ նախագիծը պետք է քննարկենք՝ մինչեւ ամառային զորակոչ, որպեսզի բոլոր խնդիրների դեմը կարողանանք առնել»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ չի տեսել, որ որեւէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա նաեւ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի՝ կասկածի տեղիք է լինելու, որ բանակի եւ բժշկական հանրույթի միջեւ փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։
«Ո՞ր հանձնաժողովում, կարող եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են։ Կեղծ բաներ ես ասում։ Դուք ինչ ասում եք մինչեւ հիմա՝ կեղծիք է»,- վրդովվեց Անդրանիկ Քոչարյանը։
Հայկ Սարգսյանը շարունակեց պատմել, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ իրեն համոզել՝ ավելի ուշ քննարկել նախագիծը․ «Մի ընդհատեք։ Ես կհրապարակեմ ձեր գրած մեյլը, հաջորդիվ կհրապարակեմ։ Ես ասում եմ, որ նախագիծը պետք է քննարկվի, որովհետեւ օրական 5-6 քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, զորակոչի թիվն իջել է 30 տոկոս, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արտագաղթի դեմը առնելու, ներգաղթ ապահովելու, զորակոչի թիվը բարձրացնելու։ Պարոն Քոչարյանն ասում է՝ ԱՄՆ-ում եմ լինելու, կգանք հուլիսին կընդունեք։ Ասում եմ, պարոն Քոչարյան ջան, չենք հասցնի մեկ ընթերցմամբ ընդունել, ինձ ասում է՝ խնդիր չունես արտահերթով կանենք։ Հաշվի առնելով նախագծի կարեւորությունը, ասում եմ՝ չեմ ցանկանա արտահերթով անենք։ Ասում է՝ բա որ չկարողանաս կողմ ձայներ ապահովել, Գագիկ Մելքոնյանը որ հիվանդանա՝ չգա, ո՞նց ես անելու։ Ցավոք, այդպես էլ լինում է։ Գագիկ Մելքոնյանն իմ զանգերին չի պատասխանում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, խմբակցության նիստում պարոն Քոչարյանը հայտարարում է, որ նախագիծը խնդրահարույց է, ինչը իմ համար անակնկալ էր՝ հաշվի առնելով այն, որ պարոն Քոչարյանն ասել էր, որ անգամ կողմ է արտահերթով անել»:
Նիստում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ մեկ ամսվա ծառայության բաղադրիչը նոր է տեսնում, մինչդեռ Հայկ Սարգսյանը պնդում է՝ այն ներկայացրել է վարչապետի մոտ քննարկման ժամանակ, որին ներկա են եղել Անդրանիկ Քոչարյանը, ԱԱԾ պետը, ԳՇ պետը, պաշտպանության նախարարը եւ այլ պաշտոնատար անձինք, բոլոր գերատեսչություններն էլ կարծիք են տվել, բայց Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ որոշները չեն տվել կարծիք։
Ուշագրավ է, որ Անդրանիկ Քոչարյանը չշարունակեց կուսակցի հետ հրապարակային առճակատումը․ լռելյայն հարցը դրեց քվեարկության։
«Սա սովորական փաթեթ չի, սա առնչվում է Սահմանադրության հետ, ՄԻՊ գրասենյակի, քաղհասարակության հետ, յուրաքանչյուր ընտանիքի՝ մի քանի տղա երեխաներ ունեցող, հազար ու մի հարցեր կան, բայց չենք կարողանում կոռուպցիայի հարցերը լուծել․․․»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը, երբ Հայկ Սարգսյանին հորդորում էր ետ վերցնել նախագիծը, որպեսզի քննարկումների ավելի խորը, ներառական փուլեր անցնեն՝ նաեւ պաշտպանական գերատեսչության կողմից։
«Այո, գրավչությունը եթե մեծացնենք, զորակոչի թվերը կմեծանան։ Մարդը պետք է սիրի իր երկիրը։ Դրսից սիրող մարդիկ ստեղծում են կրթական ծրագրեր, խոսքը Կարո Արմենի ծրագրերի մասին է։ Եթե մի բանակ, այդ բանակ պետք է գան․․․ կան շահառուներ, մի ամսվա շահառուներ կգտնվեն, դրանք շատ քիչ են, դա բանակի հոգսերը չի լուծելու։ Մթնոլորտը բարդ է։ Բազմաթիվ դրվագներ նկարագրվեցին։ Լինելու են։ Եթե փող բառը լսեցին՝ ասելու են՝ մի բան էն չի։ Ամեն ինչի հիմքում, եթե փողն ենք տեսնում, մարդկային ռեսուրսի լուծումը էդտեղ չի լուծվելու։ Եթե փողն է, կառավարության ծրագրով լուծումը պրոֆեսիոնալ բանակն է, եկեք էդ փողը դնենք վերեւում, կառուցենք այդ պրոֆեսիոնալ բանակը՝ այդ փողի սահմաններում, ունենալով զորակոչային թեկուզ քիչ ռեսուրս»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը Աննա Գրիգորյանի հետ համամիտ է՝ հարավում բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու եւ եթե բանակը լուծումներ չունի՝ «հրթիռները գնալու են՝ գան, չենք կարողանալու ներքին իրավիճակը կառավարել»։
«Այս նախագիծն ու ձեր առաջարկը տարբեր բաներ են»,- Անդրանիկ Քոչարյանի այս դիտարկումն էլ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին էր ուղղված։ Նա կարծում է, որ բոլոր նրանց, ովքեր երկու տարի կծառայեն բանակում, պետք է տրվի անվճար կրթության հնարավորություն՝ պետական համալսարաններում․ «Չգիտեմ՝ ֆինանսների նախարարությունը ոնց կվերաբերվի այս հարցին, բայց ես պնդում եմ»։ Իր համոզմամբ՝ սա կավելացնի արդարության սկզբունքը։ Նա առաջարկում է նաեւ, որ տրվի 5 կամ 10 տարով անվճար առողջության ապահովագրություն՝ ներառյալ ատամնաբուժական ծախսերը․ «Այո, այստեղ գործելու է արդարության սկզբունքը, այն մեկը չի ծառայում՝ փող է տալիս, այս մեկն էլ ծառայում է, բայց դրա դիմաց ստանում է անվճար կրթություն ու անվճար առողջության ապահովագրություն»։
Ալեքսանյանը նշեց, եթե իր առաջարկները ներառվեն նախագծում, ինքը նախագծին կողմ կքվեարկի, եթե չլինի՝ ստացվում է՝ նույն անարդարությունը փոխարինվում է ուրիշ անարդարությամբ։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը կողմ է գործընկերոջ առաջարկին։
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը կողմ էր իր կուսակցի այս առաջարկներին, նախագծին կողմ է քվեարկելու այն պայմանով, եթե երկրորդ ընթերցման ընթացքում հաշվի առնվել այդ առաջարկները։ Նա նաեւ ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի հետ էր համաձայն՝ մեկ ամսում մարտական պատրաստության վիճակի հնարավոր չէ բերել զինծառայողին։ Իսկ Տիգրան Աբրահամյանն էլ իր հերթին հաշտ չէ Վահագն Ալեքսանյանի այս մոտեցումների հետ, ինքը հարցը առավելապես բարոյահոգեբանական հարթությունում է դիտարկում եւ այս նախագծի պարագայում, այդ կապն է խաթարվելու․ առանց այդ էլ արդեն խաթարված է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ