Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը Վինսենթ Ռոշն է

Հունիս 24,2025 11:17

Այսօր Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեն հայտարարեց 16-րդ դափնեկրի անունը։ Մրցանակը կստանա «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։

Դափնեկրի անունը հայտարարել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Viva -ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։


Արդեն 16 տարի մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է Viva ընկերությունը։

«Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական յուրահատուկ կենտրոն, տարածաշրջանային հաբ, կարող է և պետք է գնահատանքի դրսևորում ունենա բոլոր տեխնոլոգիական հսկաների հանդեպ, որոնք տարիների, տասնամյակների ընթացքում մեծագույն ավանդ են ունեցել։ Նրանք մարդիկ են, որոնց նորարարությունների, նորարարական գյուտերի, պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում մյուսների կյանքը ավելի են հեշտացրել, բարելավել։ Մարդիկ, որոնք բերել են նորարարական լուծումներ և մատակարարել են տարբեր երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց։ Ընդհանուր առմամբ՝ սա մի գեղեցիկ միջոցառում է, որի գաղափարի շուրջ Կառավարությունը, տեխնոլոգիական համայնքը և հովանավորները համախմբվել են և իրենց հիացմունքն են արտահայտում տեխնոլոգիական հսկաներին՝ տեխնոլոգիական ոլորտում իրենց համաշխարհային ավանդի համար»,- ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

«Viva-ն իր հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների կողքին է և պատահական չէ, որ հիմնադրման օրվանից ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։ Այս տարի մեծ ուրախությամբ պատրաստվում ենք ընդունել Վինսենթ Ռոշին, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջատար «Analog Devices» ընկերությունը հասավ նոր մակարդակի։ Վստահ ենք, որ նրա այցը Հայաստան կարևոր ոգեշնչման աղբյուր կդառնա արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար, իսկ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասաց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

 

«15 տարի առաջ «Synopsys»-ի կողմից Համաշխարհային մրցանակի նախաձեռնումը նպատակաուղղված էր նպաստելու Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը», – ասել է մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Այս մրցանակը նաև բիզնեսի և պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբի դիրքավորմանն, ու, որ ամենակարևորն է՝ նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը»։

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է «Synopsys» ընկերությունը։ Մրցանակաբաշխությանն աջակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՏՀՏ Գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Վինսենթ Ռոշ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ

Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI)  գլխավոր գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է, և անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Պարոն Ռոշը ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը՝ կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության և գործառնական գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։

Վինսենթ Ռոշը ADI-ի երրորդ գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի երկրորդ նախագահն է։ Նա ADI-ում իր կարիերան սկսել է 1988 թվականին, 2012 թվականին դարձել է ընկերության նախագահ, 2013 թվականին նշանակվել է գլխավոր գործադիր տնօրեն իսկ 2022 թվականին՝ ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ։ Պարոն Ռոշի՝ որպես գործադիր տնօրեն աշխատելու ընթացքում ընկերության ընդհանուր եկամտաբերությունը կազմել է 546% (S&P 500-ի 339%-ի համեմատ, կամ S&P 500-ի 1,6 անգամ ավելի՝ այդ ժամանակահատվածում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ)։

Պարոն Ռոշը Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Նախագահական գլխավոր գործադիր տնօրինության խորհրդատվական խորհրդի և Մասաչուսեթսի բարձր տեխնոլոգիաների ղեկավարության խորհրդի անդամ է։ Նա ունի էլեկտրոնային համակարգերի բակալավրի աստիճան և գիտությունների պատվավոր դոկտորի կոչում (ճարտարագիտական)՝ Իռլանդիայի Լիմերիկի համալսարանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30