Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը Հարավային Կովկասում կխթանի նաև համաշխարհային առևտուրը․ Ադրբեջանն այժմ ՀՀ-ի արևելյան սահմանով երկաթգիծ է կառուցում»․ Արեգ Քոչինյան

Հոկտեմբեր 28,2025 15:58

«Մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը, ինչը ևս կբացի կոմունիկացիաները տարածաշրջանում և կապահովի կապը ԵՄ-ի, նաև Հարավային Կովկասի միջև, որն ավելի կխթանի տնտեսական զարգացմանը»,- Եվրանեսթ ԽՎ տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նա ներկայացրեց, թե Եվրանեսթի հանձնաժողովներն ինչ լուծումներ են առաջարկում, որոնք վերաբերում են ազատ առևտրին, համագործակցությանը, ԵՄ-ի և ԱԼԳ երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կանաչ անցումներին։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը, ներկայացնելով թե կոմունիկացիաների բացումը Հարավային Կովկասում ինչ կտա, վստահեցրեց՝ խաղաղությունը Հարավային Կովկասում կխթանի նաև համաշխարհային առևտուրը։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ նա ասաց․ «TRIPP-ը կապելու է Թուրքիան և Նախիջևանը՝ ՀՀ-ի հարավային հատվածով։ Այն ունի իր դրական և բացասական կողմերը։ Այն ավելի կարճ է, քան Վրաստանի ճանապարհը, բայց մոտ է Իրանի սահմանին, ինչը ևս կարող է անվտանգային սպառնալիք դիտարկվել միջազգային համատեքստում։ ԵՄ-ն կարող է դերակատար լինել»։

Խոսելով հյուսիսային ուղու մասին՝ Արեգ Քոչինյանն ասաց․ «Այս ճանապարհը՝ հյուսիսային ուղին, ՀՀ-ի միջով, Կարսը՝ Թուրքիայում, Գյումրին, Վանաձորը, Իջևանը և Ղազախ քաղաքը Ադրբեջանում կապում է իրար։ Սա ամենակարճ հնարավոր կապն է, որն անցնում է Հարավային Կովկասով և այն ճանապարհն է, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանին և Եվրոպան էլ կապելու է Կենտրոնական Ասիային՝ Բաքուով։ Սա 150 կմ ավելի կարճ է, քան վրացական երթուղին։ Երբ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի ապագան կախված է ՀՀ սահմանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նա հենց դրա մասին էր խոսում։ Դա ոչ միայն կխթանի խաղաղությանը տարածաշրջանում, այլև գլոբալ համաշխարհային առևտրին»։

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ռիհո Տերասը հարցրեց՝ TRIPP-ը ինչքանո՞վ կազդի ողջ ծրագրի վրա և ո՞վ է պատրաստվում կառուցել TRIPP-ը, արդյոք ԵՄ-ն հանդիսանո՞ւմ է որպես կողմ այս շրջանակներում։ Հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է ՌԴ-ն ազդեցություն ունենում այս կապի ծրագրերի վրա և ԵՄ-ն ինչքանո՞վ կարող է աշխատել՝ ընդդեմ ՌԴ-ի և օգնել ՀՀ-ին։

Արեգ Քոչինյանը պատասխանեց․ «Մի փուլում ենք, որ ՀՀ-ի արևելյան սահմանով Ադրբեջանը կառուցում է երկաթգիծ՝ Մեղրիի հատվածում։ Հաջորդ տարվա հունիս-հուլիսին հասնելու են մեր սահմանին, և արդեն ՀՀ-ն պետք է սկսի մեր երկաթգծի կառուցումը։ Պետք է ՀՀ-ն ունենա համապատասխան մեքենաներ․ ծախսը 300 միլիոն դոլար է։ Երկաթուղու՝ մեր հատվածի կառուցումից հետո այն փոխանցելու ենք Ադրբեջանին, որ Նախիջևանի հատվածում վերակառուցեն երկաթուղին։ Սա է այն իրավիճակը, որում գտնվում է TRIPP-ը։ 300 միլիոն դոլար մեր կողմից է, չգիտեմ՝ ինչքան է պատրաստ Ադրբեջանը ծախսել։ Մենք 40 կմ պիտի կառուցենք այդ երկաթգծի ընդհանուր գծից, և դա ամերիկահայկական պայմանագրի հիման վրա արտապատվիրակված է լինելու։ Պետք է համագործակցել, լրացնենք Ամերիկային և մրցենք ՌԴ-ի հետ։ Ամբողջ ջանքը և ներդրումները չպետք է կենտրոնանան TRIPP-ի վրա, այլ մի նոր բան էլ պետք է անել հյուսիսային հատվածում, այդ ուղին լրացնելու է, չի մրցելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031