Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի սխեման․ ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում». AntiCor հետաքննություն

Նոյեմբեր 11,2025 14:31 Share
«Anti-Corruption Platform»-ը հայտնում է. «Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, վերջին երեք տարում կառուցել է ընտանեկան և կուսակցական շահերի կոռուպցիոն հստակ սխեմա՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։

Սկիզբը․ համայնքի ղեկավարն ու սեփական գազալցակայանը

2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափեյանը և հորեղբայրը Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալին համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։
Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, իսկ երկու մրցույթներում էլ միակ մասնակիցը եղել է հենց Սափեյանների ընկերությունը։ Ողջամտությունը հուշում է, որ գործի է դրվել կամ «թաքուն» մրցույթը կամ հնարավոր մասնակիցներին վախեցնելու մեթոդը։

Պայմանագրերը կնքվել են՝

  • 📅 2023-ի հունվարի 3-ին,
  • 📅 2023-ի ապրիլի 5-ին։

Այսպիսով, համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած համայնքային միջոցներով գործարքներ է իրականացրել իր ընտանիքի բիզնեսի հետ։ Այդպիսով տիրացել համայնքի գումարներին։

ԿԿՀ արձագանքը․ շահերի բախման հաստատված փաստ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Տավրոս Սափեյանը խախտել է շահերի բախման մասին օրենքը․

«Տավրոս Սափեյանը, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման, չի ներկայացրել համապատասխան հայտարարություն»։

ԿԿՀ-ն հարուցել է վարչական վարույթ՝ պաշտոնական հաստատմամբ արձանագրելով շահերի բախման իրավիճակը։

Արդյունքը՝ ձևական ուղղում, բայց ոչ համակարգային փոփոխություն

Հաջորդ՝ 2024 թվականին, Տավրոս Սափեյանը հայտարարագրել է շահերի բախումը, ընդունելով, որ իր հորն ու հորեղբորը պատկանող ընկերությունը մասնակցում է համայնքային գնումներին։
Սակայն փաստացի իրավիճակը չի փոխվել․ ընտանիքի փոխարեն, պարզվում է, հայտնվել է կուսակցական գործընկեր։

Նոր ձևական խաղացողը․ «Արսուր» ՍՊԸ-ն՝ նույն սխեմայի նոր դեմքը

2025 թվականին Թալին համայնքապետարանը հեղուկ և սեղմված գազի նոր պայմանագիր է կնքել ոչ թե «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի, այլ «Արսուր» ՍՊԸ-ի հետ։ Սակայն այս ընկերությունը փաստացի պատկանում է Տավրոս Սափեյանին, պարզապես փաստաթղթավորումն է փորձ արվել փոփոխելու։
Պայմանագիրը կնքվել է
📅 2025թ․ սեպտեմբերի 30-ին,
💰 11 մլն 600 հազար դրամի չափով։

Պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի՝ ուղղակի գնմամբ, գնանշման հարցման ձևով։

Պարզվել է, որ «Արսուր» ՍՊԸ-ի սեփականատերն է Արթուր Հակոբի Թորոսյանը, ով 2023-ի հոկտեմբերի 18-ից գրանցված է որպես բաժնետեր։
Նա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։

Ավելին՝ «Արսուր» անվանումը ծագում է հենց սեփականատիրոջ և նրա եղբոր անուններից՝ Արթուր + Սուրեն = ԱՐՍՈՒՐ։
Նույնիսկ թույլտվությունը վաճառքի համար տրամադրվել է Տավրոս Սափեյանի կողմից՝ 2025-ի փետրվարի 7-ի N 219-Ա որոշմամբ։

Այսինքն՝ համայնքի ղեկավարն իր ստորագրությամբ թույլ է տվել սեփական ենթակային դառնալ համայնքի հիմնական մատակարարը։ Ակնհայտ է, որ «ԱՐՍՈՒՐ» ընկերության սեփականատերն ունի ձևական բնույթ, իսկ դրա փաստացի շահառուն հենց ինքը՝ Տավրոս Սափեյանն է։

Կոռուպցիոն սխեման շատ պարզ է․

ընտանեկան բիզնեսը ձևականորեն փոխարինվել է կուսակցական ենթակայի անվամբ ընկերությամբ, իսկ համայնքային միջոցները շարունակում են շրջել նույն քաղաքական և անձնական շրջանակներում։

Սա դասական համակարգային կոռուպցիոն ցանցի օրինակ է՝ որտեղ ընտանեկան կապերը թեև տեղափոխվում են կուսակցական դաշտ, սակայն պահպանվում են համայնքի միջոցներին»։

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շրջանում ես, Թալինը և թալինցին դարձել ենք մեր «սիրելի» ընդդիմադիր դաշտի և նրանցից սնվող թերթոնների ուշադրության կենտրոնը՝ բառի բուն իմաստով կանգնելով նրանց կոկորդներին։ Իմ և մեր հասարակության համար իսկապես ծիծաղելի է ձեր վարած քաղաքականությունն ու փրփուրներից կախվելու փորձերը՝ իմ անձի, մեր թիմի կամ ժողովրդի շուրջ որևէ թեմա գտնելու և դա անդադար շրջանառելու մոլուցքով։

Իմ կամ Թալինի համայնքապետարանի աշխատանքը կոռուպցիոն դաշտ տեղափոխելու ձեր անընդհատ փորձերը երբեք չեն հաջողվելու, քանի որ ձեր «բացահայտումներն» ու «հայտարարությունները» ոչ միայն ծիծաղելի են, այլև բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Թալինի համայնքապետարանի կողմից իրականացված բոլոր մրցույթները հրապարակված են armeps.am-ում, իսկ մրցույթների արդյունքների վերաբերյալ տվյալները՝ procurement.am կայքում։ Ցանկացած հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ ուսումնասիրել և ծանոթանալ մեր գործունեությանը՝ մրցույթների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930