Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է մոռացվի նախկինների ապօրինի ծագում ունեցող գույքը և բռնագանձվի, բայց պետք է գնանք նաև ներկաների ապօրինի ծագման գույքի հետևից»․ Վարուժան Հոկտանյան

Փետրվար 23,2026 15:42 Share

«Այս միտումները բերում են լճացման իրավիճակի։ Տենդերների շահելու խայտառակ դրսևորումներ, դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքի աշխատելը։ Դու նվիրատվություն ես անում, դու ստանում ես մաքսային, հարկային արտոնություններ․ սրանք կոռուպցիոն երևույթներ են»,-հարցին՝ ի՞նչ միտումներ կան, այն, որ տենդերները յուրայիններով են իրականացնում, կառավարման օղակներում ազգականներն են, որոնք ստանում են արտոնություններ և այլն, սրանց հետ կապված կարո՞ղ ենք նշել, որ գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ, Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։

Ըստ նրա՝ կարևոր է, թե որքանով իրավապահ մարմիններն անկախ կլինեն այս ամենը հետաքննելու մեջ․ «Եթե այդ խնդիրը չի լուծվում, մանավանդ տենդերները և այլ հարցեր, կարող ենք հանգել այն երևույթի, որը համակարգային կոռուպցիայի նախապայմաններից մեկն է։ Հիմա էլ տեսնում եմ այդ միտումը․ քաղաքական ու տնտեսական վերնախավերի սերտաճումը, որը համակարգային կոռուպցիայի սյուներից մեկն է, տնտեսության և քաղաքականության մեջ մոնոպոլիցազիան և իշխանության ճյուղերի՝ ոչ անկախ լինելը»։

Հարցին՝ իսկ պարգևավճարները քաղաքական կոռուպցիայի դրսևորում չե՞ն, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․ «Սա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Երբ ասում են՝ գիտեք՝ առաջներում ծրարով էին տալիս, պատասխանում եմ՝ այն, ինչ ծրարով էին տալիս, հիմա մուծում են պետբյուջե, հետո ստանում բացահայտ կերպով։ Պարգևավճարի կոնցեպցիան է աղավաղվում։ Եթե այդպես է, ուրեմն թափանցիկ ցույց տվեք, որ այս մարդիկ այնպիսի հոյակապ արդյունքներ են ցույց տվել, որ ստացել են այդ պարգևավճարները։ Ես նման բաներ չեմ տեսել։ Դա անցյալ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն են գնահատել․ սպասենք երկրորդ կիսամյակի արդյունքներին և պարգևավճարներին։ Այս խնդիրը կա, իսկ մենք վստա՞հ ենք, որ այս մարդիկ արժանի են»։

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չկա այն արդյունքը, որն ակնկալվում է։ Ըստ նրա՝ շատ դեպքերում կիրառվում է ընտրովի մոտեցումը․ «Օրինակ՝ երբ համայնքապետի եղբոր ընկերությունն է շահում տենդեր, ինչ որ քայլեր արվում են։ Այստեղ ունենք խնդիր՝ ընտրովի մոտեցում․ նայած՝ ով է դա անում։ Եթե դա անում են ոչ իշխանության կողմից, բավականին խիստ են մոտենում։ Մնում է՝ այդ ընտրովի մոտեցումը վերացվի։ Կարողությունների խնդիր էլ կա։ Երբ նայում ես կոռուպցիայի մասշտաբները և կարողությունները, ապա դրանք համարժեք չեն։ Քաղաքական կամքը միայն հայտարարությունները չեն, այլև կարողությունների ուժեղացնելն է․ շատ այլ գործողություններ պետք է արվեն։ Միայն դեկլարատիվ հայտարարել, որ մենք պատրաստ ենք պայքարել կոռուպցիայի դեմ, դեռ քաղաքական կամք չէ»։

Փաստմանը՝ կարծես ընդդիմությունն էլ կրկնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի շատ քաղաքական խնդիրներ է լուծում, Վարուժան Հոկտանյանն այսպես արձագանքեց․ «Ստիպված եմ համաձայնել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է մոռացվի նաև նախկինների ունեցվածքը, որ ապօրինի ծագում ունեցող գույք է եղել, պետք է բռնագանձվի, բայց պետք է գնանք նաև ներկաների ապօրինի ծագման գույքի հետևից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728