Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները հիմա էլ խոսում են Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին. Վահե Դավթյան

Մարտ 20,2026 17:44 Share

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունները հիմա էլ խոսում են Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին: Անգամ սկսել են Թուրքիայի կառավարության հետ ներդրումային հարցեր քննարկել: Ասում են՝ «Պատրաստ ենք օր առաջ սկսել»:

Այլ պայմաններում տվյալ նախաձեռնությունը թերևս կարելի էր ողջունել: Օրինակ՝ 2009-2010 թ. «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի լուրջ պակասորդ, Հայաստանն էլ պատրաստ էր փակել դրա մի մասը: Ի վերջո, այդ ժամանակաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային միջավայրերը սկզբունքորեն տարբեր էին ներկայիս իրողություններից։

Այսօր իրավիճակը որակապես փոխվել է։
Թուրքիան ոչ միայն դինամիկ տեմպերով հաղթահարում է էլեկտրաէներգետիկ պակասորդը, այլև ռազմավարություն է որդեգրել առաջիկա տարիներին զարկ տալ արտահանմանը, ներառյալ հարավկովկասյան շուկաները: Վերջինիս նախադրյալներն առկա են՝ հատկապես հաշվի առնելով

Թուրքիայում գեներացնող հզորությունների շարունակական աճը՝ Աքքույու ԱԷԿ, նոր ատոմային նախագծեր Սինոփում ու Ֆրակիայում, 750-ից ավել ՀԷԿ-եր և այլն:
Այս պայմաններում Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի:

Այս միտումը լրացուցիչ խորանում է մի քանի ներհամակարգային գործընթացներով։

Դրանցից առաջինը Երևանի ընտրությունն է՝ հօգուտ փոքր մոդուլային ռեակտորի, որը երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու է բազային միջուկային հզորությունների ներկայիս մոդելը՝ նվազեցնելով համակարգի ինքնաբավության մակարդակը։

Երկրորդը արևային էներգետիկայի արագ ու քաոտիկ զարգացումն է, որը, ունենալով սահմանափակ արտահանման ներուժ և բարձր սեզոնային կախվածություն, չի կարող ապահովել բազային պահանջարկի կայուն ծածկույթ:

Երրորդը շուկայի ազատականացումն է, որը ստեղծում է բոլոր պայմանները արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրելու ու փաստացի Հայաստանի արտաքին կախվածությունն ավելացնելու համար:
ԵՄ-ն էլ հանդես է գալիս որպես այս ամենի ֆինանսական աջակից՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի էներգետիկայի «ապառուսիֆիկացման» նպատակով տրամադրել անհրաժեշտ միջոցները: Բնականաբար, վարկերի տեսքով:

Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031