Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանը պնդում է՝ հարցեր հնչեցնելու հնարավորություն չի եղել, ՀԼԱ նախագահն այլ կարծիքի է

Ապրիլ 15,2026 16:15 Share

«Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի նախագահ, «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակի» համահիմնադիր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ներկա է գտնվել Մեդիա կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին, շուրջ 50 րոպե լսել է խոսնակներին՝ Fip.am փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանին եւ ՔՊ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանին, սակայն  հնարավարություն չեն տվել հարցեր ուղղել եւ լսել նրանց տեսակետները:

Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Իշխանյանը մանրամասնեց. «Խոսելու ընթացքում իրենք քանիցս վարկաբեկեցին օրերս ստեղծված Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը, խոսեցին, որ դավադրության տեսություն է Թուրքիայից վախը եւ այլն: Իրենք վարկաբեկեցին հարթակը, ես էլ հիմնադիրներից եմ, գուցե ճիշտ էր, որ հարցով կամ պնդմամբ հակադարձեի, մասնավորապես խոսում էին ֆինանսավարման աղբյուրները չբացահայտելու վերաբերյալ, բայց մենք կամավոր հիմունքներով ենք աշխատում, ոչ թե եվրոպական կամ այլ դրամաշնորներով:

Մյուսն այն էր, որ հեղինակների անունները չկան հրապարակված, ինչը պրոֆեսիոնալության առումով ճիշտ են ասում՝ հեղինակների անուն պետք է լինի, բայց հաշվի առնելով, որ մարդկանց պիտակավորում են՝ է՛լ ԿԳԲ-շնիկ, էլ քոչարյանական, էլ դավադրության տեսություն, որպեսզի պաշտպանենք մարդկանց, որոնք թիրախավորման տակ են, առայժմ այսպես ենք գործում:

50 րոպե ուշադիր լսելով իրենց ասածները՝ 10-ից ավելի հարցեր էի ինձ մոտ գրել, ու այն պահին, երբ պետք է հարցերի շրջանը բացվեր, մոդերատորն ասաց, որ ավարտում են: Գայանե Աբրահամյանն ու Հասմիկ Համբարձումյանն ասացին, որ ուշ են սկսել, եւ շտապում են: Հասկացանք, որ շտապում եք, բայց մարդկանց մեղադրում եք: Խոսում էին ժողովրդավարությունից, բայց ակնհայտ իրենց խոսքի մեջ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դեմ շերտավորումներ կային, բայց դա ինձ չի հետաքրքրում:

Ինձ հետաքրքրում էր հետեւյալը. ՔՊ-ի ծրագրային դրույթում առկա է Սահմանադրության խախտման, Միջազգային իրավունքի,  Հայաստանի կրոնի, խղճի ազատության խախտման խոսոտւմ՝ հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին; Հիմա ես ուզում էի հարցնել, թե իրենք՝ ժողովրդավարության անվան տակ գործող կազմակերպությունները ի՞նչ են անելու, որպեսզի ՔՊ-ն չմասնակցի ընտրություններին, որովհետեւ ծրագրային դրույթի մեջ Սահմանադրության խախտում են խոստացել:  Ի վերջո, այդ մարդիկ մասնագետ են, եվրոպաներից ֆինանսավորում են ստանում, ես էլ  եկել եմ հարցնեմ՝ հատկապես ինչ են անելու, քանի որ պայքարում են ժողովրդավարության, Սահմանադրությունը չխախտելու համար…

Շատ այլ հարցեր ունեի, օրինակ, իրենք խոսում են Թուրքիայի հետ դավադրության տեսությունից, ասում են՝ ստուգել են մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցին ոչ թե Հայաստանում է մեքենա վարում, այլ ուրիշ տեղ… Լավ եք արել, ստուգել եք, բայց ադրբեջանցին նաեւ Ամասիա էր գնացել, ասել էր՝ կվերադառնանք: Կամ ասում են դավադրության տեսություն՝ Սուրբ Հակոբ եկեղեցին Ստեփանակերտում վերացել է, դրամատիկական թատրոնի մոտ Յուրի Ավետիսյանի հրաշալի գործ վերացրել են, ու ասում են՝ դավադրության տեսություն է: Մեր պատանդների հարցը դավադրության տեսությո՞ւն է, դավադրության տեսությո՞ւն է, որ TRIPP -ի պրոյեկտում գրված է, որ մեր դեմ իրականացված հանցագործությունների հայցերը պետք է վերադարձնել միջազգային դատարաններից … Ես ի՞նչ մեխանիզմ եմ ունենալու պաշտպանվելու ադրբեջանական  բարբարոսությունից, եթե իշխանությունը հետ է կանչում դատարաններից հանցագործությունների հայցերը, ուրանում ցեղասպանությունը:

Միջոցառման անունը ասուլիս էր, բայց հենց պիտի հարց տան, անջատում են, եթե լրագրողը պրոֆեսոինալ է, կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, պետք է սպասի եւ պատասխանի հարցերին: Կամ Fip.am-ը կեղծ լուր էր տվել, որ պատմական գիտությունների թեկնածու եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը հեռուստահարցազրույցում ասել է, թե ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայաններ աշխահում որեւէ տեղ չեն գործարկվում, իսկ  Fip.am-ը ասել է՝ գործարկվում են, Արմեն Մանվելյանը սխալ է: Այն դեպքում, երբ  Մանվելյանը ճիշտ է ասել:  Ընդ որում, Մանվելյանին ներկայացրել են «Մեր ձեւով» շարժման անդամ, բայց ինքը Հայաքվեից է: Նաեւ ասում են, որ Մանվելյանը խոսել է NuScale Power ընկերությունից, երբ որեւէ բան չի ասվել այդ մասին: Ու այս Fip.am-ը փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ է, որը սխալն ուղղելու քաղաքականություն ունի, սակայն ապրիլի 12-ին ենք այդ լուրը տվել, որ սխալ տեղեկություններ են տվել, երեկվա դրությամբ դեռ հերքված չէր»:

Սեդա Մուրադյան

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախագահ Սեդա Մուրադյանից: «Մենք ուղիղ եթերը չենք անջատել, տեսագրության մեջ երեւում է, որ մոդերատորն առաջարկել է Հովհաննես Իշխանյանին հարցեր հնչեցնել, բայց բանախոսներն օբյեկտիվորեն ուշանում էին, որովհետեւ ավելի քան 30 րոպե ուշացումով ենք սկսել քննարկումն՝ աննախադեպ խցանումների պատճառով: Բանախոսները համբերատար սպասել են, որ մոդերատորը հասնի, կարողանանք սկսել, թեեւ ամեն մեկն ուներ տարբեր հանդիպումներ: Ասել, որ մոդերատորը հարցի հնարավորություն չի տվել, նշանակում է մանիպուլացնել այն, ինչը փաստով արձանագրված է հեռարձակման ժամանակ: Կան օբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ հարցեր, որոնք կոնկրետ մեր բանախոսներին դրդել են այդ պահին դուրս գալու որոշում կայացնել»:

Ինչ վերաբերվում է Հովհաննես Իշխանյանի այն պնդմանը, որ իրենց հիմնադրած հարթակը թիրախավորվել է, այս մասին էլ Սեդա Մուրադյանը նշեց. «Մինչ օրս որեւէ մեկը հանրայնորեն տեղյակ չի եղել, որ Հովհաննես Իշխանյանը փոխկապակցված է այդ հարթակի հետ, որովհետեւ այդ հարթակում որեւէ  տեղեկատվություն, թե ովքեր են հիմնադիրները, փաստեր ստուգողները, թիմը, ֆինանսավորողները, գոյություն չուներ: Կարծես նորություն լիներ, երբ  հանրայնորեն նշեց, որ ինքն այդ նախագծի հետ փոխկապակցված է:

Ի դեպ,  հարթակի վերաբերյալ մենք առցանց հարց ենք ստացել, որը հնչեցվել է քննարկման ժամանակ: Անդրադառնալով իր ասածներին, որ հարթակի հետ կապված հարցերից խուսափում են, հավելեմ՝ չէ՞ որ ֆեյսբուքով ստացված հարցը հնչեցրել ենք, բանախոսներն էլ պատասխանել են: Եթե այդ պատասխանների հետ կապված դժգոհություն է եղել, եւ ուրիշ հարցեր են առաջացել, ուղղակի ժամանակի առկայության դեպքում, եթե ուշացած չլիներ քննարկումը, բանախոսները կմնային եւ կպատասխանեին: Եթե բանախոսները հարթակի վերաբերյալ նախորդ հարցին չեն խուսափել պատասխանել, ապա ի՞նչ խնդիր պետք է լիներ հետագա հարցերին պատասխանելու: Կարծում եմ՝ պետք է ողջամտորեն նայել ցանկացած պրոցեսի եւ ոչ թե սկանդալային վերնագրերի կամ իրադարձությունների տեսանկյունից: Իրապես մարդիկ ունեին կարեւոր հանդիպումներ, որոնցից չէին կարող ուշանալ»:

Հանրային լրագրության ակումբի ղեկավարը նաեւ հավելեց, որ ուղիղ եթերից հետո մոդերատորը առաջարկել է հարցերը թողել գրավոր, անգամ վերջում ձեռքսեղմումով են բաժանվել: Նաեւ նկատեց. «Հովհաննեսը սխալ է ներկայացնում միջոցառումը, դա ասուլիս չէր, այլ՝ քննարկում»:

Գայանե Աբրահամյանի լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Հարցին իր ՖԲ էջում անդրադարձել է նաեւ բանախոսներից Գայանե Աբրահամյանը, գրելով. «Ի պատասխան Հովհաննես Իշխանյանի մեղադրանքներին, թե ես եւ Հասմիկ Համբարձումյանը «փախել ենք» ասուլիսից եւ իր հարցերից։ Զուտ արձագանքում եմ` հարգելով Մեդիա Կենտրոնի լսարանին եւ լրագրող գործընկերներին։

Ուղիղ եթերով արձանագրված փաստ է, որ քննարկումը մեկնարկել է նախատեսված ժամից 30 րոպե ուշացումով, եւ ունեինք խիստ սահմանափակ ժամանակ, քանի որ ե’ս էլ, Հասմի’կն էլ պլանավորված այլ հանդիպում եւ նկարահանում ունեինք, որից որեւէ կերպ ուշանալ չէինք կարող։ Քննարկման ավարտին հստակ ներողություն ենք խնդրել եւ ավարտել, քանի որ իրապես ուշանում էինք։ Այո, լինում են օբյեկտիվ պատճառներ, երբ ոչ մեր պատճառով ստեղծված հանգամանքների բերումով ստիպված ես ներողություն խնդրել եւ հեռանալ։

Ինչ վերաբերում է Հովհաննեսի մեղադրանքներին, թե մենք վարկաբեկել ենք վերջերս ի հայտ եկած «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը», որի մասին վարողի կողմից հարց էր հնչել եւ, փաստորեն պարզվեց դրա հեղինակը Հովհաննեսն է, մինչդեռ դա հրապարակային տեղեկություն չէր։ Պնդում եմ եւ ամեն ինչ ուղիղ եթերով փաստագրված է` վիրավորական որեւէ բնորոշում չի հնչել, ընդամենն ընդհանուր գնահատական է տրվել մեդիադաշտի ֆինանսական եւ սեփականատիրական թափանցիկությանը, ու սա բոլորին է վերաբերում, ոչ թե առանձին վերցրած որեւէ հարթակի։

Ոչ միայն որեւէ վարկաբեկող որակումներ չեն տրվել, ավելին` չենք էլ իմացել, որ ինքն է այդ հարթակի հեղինակը, լավ է, որ առիթ եղավ, փաստորեն, ինքնաներկայացման եւ որոշակի թափանցիկության ապահովման»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակն ավելի ուշ հանդես է եկել նշյալ հայտարարությամբ.

⚠️ Media Կենտրոնը մանիպուլացնում է

🎤 Ասուլիսների ընթացքում ներկաների նկատմամբ հարգանքը ենթադրում է, որ նույնիսկ ժամանակի սղության պայմաններում պետք է ապահովվի հարցեր ուղղելու հնարավորություն։

📅 Ապրիլի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսների կողմից հարցերից խուսափելու վերաբերյալ Մեդիա Կենտրոնի ղեկավար Սեդա Մուրադյանը Aravot-ին հայտնել է, թե հարցերի հարթակ տրամադրվել է, և դա տեսագրությունից երևում է, սակայն «օբյեկտիվ» պատճառներով բանախոսները հեռացել են։

1️⃣ Եթե իսկապես առկա էին նման պատճառներ, ապա մոդերատորը պետք է ավելի վաղ բացեր հարցուպատասխանի փուլը՝ հաշվի առնելով հյուրին, որը գրեթե 50 րոպե այնտեղ էր:
Եթե ժամանակը պատշաճ չի կառավարվել, ապա դա Մեդիա Կենտրոնի կազմակերպչական թերությունն է։ Նման պատասխանների փոխարեն անհրաժեշտ էր դրսևորել լրագրողի մասնագիտությանը համապատասխան պատասխանատու վարքագիծ։

2️⃣ Մեդիա Կենտրոնի ասուլիսների սրահը բավական փոքր է։ Բանախոսների, մոդերատորի և Հովհաննես Իշխանյանի միջև հեռավորությունը մոտ 3 մետր էր։ Սենյակում, բացի բանախոսներից և մոդերատորից ներկա էին ընդամենը 4 հոգի՝ օպերատոր, Մեդիա Կենտրոնի աշխատակից, ևս մեկ անձ և Հովհաննես Իշխանյանը։

👀 Հետևաբար Հովհաննես Իշխանյանի գրեթե 50 րոպեանոց ներկայությունը չէր կարող աննկատ մնալ։ Տեսախցիկը ևս ուղղել է դեպի նա, ուստի մոդերատորը պարտավոր էր ժամանակին բացել հարցերի փուլը։

🔎 Սեդա Մուրադյանը նաև անդրադարձել է փաստերի ստուգման հարթակների թափանցիկության վերաբերյալ հարցերին։

📌 Հիշեցնենք, որ Մեդիա Կենտրոնը տվյալ ասուլիսի կազմակերպիչն էր, ոչ թե բանախոսը։ Հետևաբար Սեդա Մուրադյանը պարտավոր չէր պատասխանել այն անձանց փոխարեն, ովքեր կասկածներ էին հայտնել մեր հարթակի վերաբերյալ։

❗ Ինչևէ, Սեդա Մուրադյանը նշել է, թե մեր հարթակի ֆինանսավորման մասին տեղեկություն առկա չէ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

🤝 Մեր էջում հստակ նշված է, որ մենք գործում ենք կամավոր և անվճար հիմունքներով։ Սա նշանակում է, որ չունենք ֆինանսավորող՝ ի տարբերություն FIP.am-ի և Գայանե Աբրահամյանի հասարակական կազմակերպության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել