Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ ուղերձներ են մշակում՝ Ցեղասպանության ցավը, Թուրքիայից վախերը, պատերազմի հիշողությունները շահարկելով». Գայանե Աբրահամյան

Ապրիլ 15,2026 14:13 Share

«Ինչքան ավելի շատ մոտենանք քարոզարշավին, այնքան վիրավորանքներն ավելին են լինելու: Սրա պատճառը եւ ատելության խորացումն է հասարակության, եւ ներհասարակական հարաբերությունների, որը քաղաքական գործիչների ուղերձների հետեւանքն է: Բեւեռացումը բավական ծայրահեղ դրսեւորումներ է ունենում, եւ եթե դրանց մեջ մնանք միայն խոսքի մակարդակում, ես թերեւս կհամարեմ, որ հաջողել ենք գոնե վերբալ բախումների տիրույթում մնալու հարցում:

Ես միտումներ եմ տեսնում, որ հատկապես ընդդիմադիր դաշտից ամեն ինչ արվում է, որ բռնության որոշակի դրսեւորումներ լինեն: Սա իրականում շատ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ հայաստանյան քաղաքական միջավայրը 2008-ից հետո, կամ գուցե 2016-ից հետո, երբ բռնության բավականին լուրջ դրսեւորումներ եղան ընդդիմադիրների կողմից, դրանից հետո գոնե տարբեր քաղաքական դերակատարներ փորձել են քաղաքական պայքարի մեջ բացառել բռնության որեւէ դրսեւորում, գոնե այդ փորձն արվել է: Բայց հիմա դա փոխելու մարտավարություն է իրականացվում, ինչը շատ մտահոգիչ է»,-Մեդիա կենտրոնում կայացած «Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը:

«Ինչ վերաբերվում է ապատեղեկատվական հոսքերին, այստեղ խնդիրը շատ ավելի մտահոգիչ է, որովհետեւ միայն ներքաղաքական դերակատարների մասին չէ խոսքը: Սա արտաքին միջամտության մասին է, որտեղ շատ ավելի լուրջ հետեւանքներ կարող ենք ունենալ: Մենք ուսումնասիրել ենք հիմնական կեղծ նարատիվները, որոնք մանիպուլյատիվ ձեւով մարդկանց մեջ վախի, կորստի վախի  հույզերը շահարկելով՝ արթնացնում են տագնապի եւ պետության նկատմամբ անվստահության զգացում:

Արտաքին ապատեղեկատվական հոսքերի վերջնանպատակը շատ ավելի վտանգավոր է, երբ վերաբերվում է պետությանը եւ պետական անվտանգությանը: Եթե կարճաժամկետ  կտրվածքով ապատեղեկատվական հոսքերը նպատակ ունեն փոխել իշխանությունը, կառավարության դեմ ապատեղեկատվությունից բխող դժգոհության տրամադրություններ արթնացնել, ապա երկարաժամկետ կտրվածքով բոլոր, հատկապես արտաքին ապատեղեկատվական հոսքերը, որոնց անվանում ենք հիբրիդային սպառնալիքներ, շատ ավելի լուրջ նպատակներ ունեն: Դրանք փորձում են մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցության միջոցով դրդել այն աստիճանի պետության հանդեպ անվստահության պետական ինստիտուտների նկատմամբ, որի վերջնարդյունքը կարող է լինել երկրից մեկնելը, արտագաղթը»,-հավելեց Գայանե Աբրահամյանը:

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ  այն թեմային, որ ընտրողի առաջ նոր մարտահրավեր է ծառացել՝ իրական տեղեկությունը զատել կեղծից, տարբերել՝ արդյոք արհեստական բանականությամբ է ստեղծված: «Կան գործիքներ, որոնց միջոցով փաստեր ստուգողները կարողանում են որոշակի իմաստով հասկանալ՝ դրանք արհեստական բանականության միջամտությա՞մբ են պատրաստված եղել, թե ոչ»,-նշեց «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր  Հասմիկ Համբարձումյանը: Նա բերեց այն օրինակը, երբ մի աղջիկ խոսում էր, թե ինչպես է ԱԱԾ-ի կողմից բռնության ենթարկվել, իրավապահներն իրեն բռնաբարել են, եւ իրենք չեն կարողացել պարզել ՝ տեսանյութն արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ:

Համբարձումյանը նշեց, որ  փողոցային հարցումների ժամանակ արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածող մարդու մասին էլ շատերը մտածում էին, թե արհեստական բանականությամբ է գեներացվել, բայց պարզել էին, որ նա իրական մարդ է:

«Մտավախություններ կան, քանի որ այսօր այնպիսի կատարելագործված մոտեցումներ են ցուցաբերվում տեղեկատվության տարածման համար, որ մենք՝ փաստեր ստուգողներս, ունենալով գործիքներ, շատ դեպքերում չենք կարողանում որոշել, դրանք AI-ով են գեներացված, թե ոչ»,-հավելեց Հասմիկ  Համբարձումյանը:

Գայանե Աբրահամյանն էլ, դառնալով այն նարատիվին, որ կամ պետք է դառնանք ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ, որեւէ այլ ընտրություն չկա, նշեց. «Սա խիստ մանիպուլյատիվ երկընտրանք է, որը ճշմարտությանը տիրույթում չէ: Սրա համար ենք ասում, որ պատմական հիշողության տրավմաները, Ցեղասպանության ցավը, Թուրքիայից վախերը, պատերազմի հիշողությունները շահարկելով են շատ հաճախ ուղերձները մշակում… Եթե այս պահին Հայաստանը քննարկում է թե եվրոպականացման ինչ-որ գործընթաց, թե ռուսական ազդեցությունների ուղեծրում մնալու հնարավորությունները, որեւէ կերպ այս երկընտրանքը չի դրվում քննարկման»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930