«Այս իշխանությունը պետք է հասկանա, որ շարունակ ձերբակալություններով չի կարող իր նպատակին հասնել։ Սա բերելու է փողոցային լուրջ հակազդեցության։ Սրա դիմացը առնելու միակ ճանապարհը պատշաճ հակազդեցությունն է։ Հակառակ դեպքում այս մարդը գնալով որոշելու է, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը օրենքից դուրս է։ Ամեն օր մի կեղծ ձայնագրություն է հրապարակելու, մի շտաբի պետ, մի ակտիվիստ ձերբակալի։ Լավ, սենց ընտրությունների՞ են մասնակցում»,-հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերը միասնական հանրահավաքով հանդես կգան, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում գոյություն ունի բռնատիրական ռեժիմ, որն իր վերարտադրությունն ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած ապօրինության․ «Երեկվա, դրանից առաջ եղած ձերբակալությունները, սպասվող ձերբակալությունները վկայում են այդ մասին։ Մեր առաջարկի իմաստն այն է, որ կա բռնատիրական ռեժիմ, որը փորձում է քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել ճնշումներով և ապօրինություններով։ Դրա դեմն առնելու լուծումն է այն, որ ընդդիմադիր ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը՝ չնայած նրան, որ առաջիկա ընտրություններում մրցակիցներ են։ Այդ թվում կարծում ենք, որ կարելի է միասնական հանրահավաք անել»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ ընդհանուր փոխըմբռնում կա, բայց կա մի երևույթ, որը նա անվանեց «Նիկոլի լարած թակարդ»․ «Նիկոլի լարած թակարդը, որ փորձում են շատերը մտնել դրա մեջ և չհամագործակցելու մասին հայտարարություններ անել, դա վնասում է այս օրակարգի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցությանը։ Իրավիճակը բերելու է նրան, որ ինչ-որ պահի բոլորը հասկանալու են՝ դա անհրաժեշտություն է։ Մեկ ուժ այս ճնշումների, ապօրինությունների դեմն առնել չի կարող․ համակարգային պայքար է պետք»։
Հարցին՝ այն, որ իշխանությունն ազատ չի արձակում քաղբանտարկյալներին, դա խոսում է իշխանության վախե՞րի մասին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Այո։ Այսօր «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 30-ից երկու հոգին անազատության մեջ է, այսօր Բագրատ Սրբազանն անազատության մեջ է, Սամվել Կարապետյանն անազատության մեջ է, Վարդան Ղուկասյանն անազատության մեջ է։ Բոլորի անունները չեմ տալիս։ Էս նույն քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ընդդիմությունը միասնական ասելիք ունի՞, թե՞ ոչ։ Այս չարիքի ռեժիմի միակ վերարտադրվելու հնարավորությունը մնացել են ապօրինությունները, հալածանքը, քանի որ ինքը վաղուց չունի ժողովրդի աջակցությունը։ Այսօր ընդդիմության միասնական քվեն շատ ավելի մեծ է, քան իշխանությանը։ Մնում է համապատասխան վերահսկողություն այս ապօրինությունների դեմն առնելու։ Իրենք պետք է հասկանան՝ եթե որևէ կուսակցություն չգրանցեցին, դրա դեմ ունենալու են մեծ հակազդեցություն, եթե շարունակեցին ձերբակալությունները, կարող է մինչև ընտրություններ չհասնեն․ ժողովրդի համբերության բաժակը լցվի, դուրս գան, ցույց տան իրենց տեղը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































