Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, սկսվեց կես ժամ ուշացումով ու առանց տուժողների։ Պատճառաբանվեց, որ ուշացման պատճառը Երևանի փողոցների խցանումներն են, անհնար էր դատարան հասնելը։
Չէին ներկայացել նաև տուժողները, դատարանը որոշեց դատական նիստը շարունակել առանց նրանց։
Հիշեցնենք, որ տուժողները կարգալույծ արված հոգևորականներ Արամայիս Թոխմազյանն ու Ստեփան Ասատրյանն են։ Ըստ մեղադրանքի, Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, իսկ 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։
Մկրտիչ Սրբազանի փաստաբանները միջնորդել էին դատարանին քննչական կոմիտեից պահանջել գործին առնչվող լրացուցիչ նախաքննական նյութեր՝ պատճառաբանելով, որ դա արդար դատաքննության սկզբունքից է բխում, դատարանը մասնակի բավարարել էր, սակայն քննչական կոմիտեն մերժել էր։
Կարդացեք նաև
Փաստաբանները պնդում էին, որ դատարանի կողմից իրենց միջնորդության մասնակի բավարարման պայմանում քննչական կոմիտեի նման գործելակերպն անհասկանալի է։
«Նման բան չի կարող լինել, որ քննիչն ասի՝ չէ՛, չի լինի», – ասաց պաշտպանական կողմը։
Դատարանը նշեց, որ պահանջ չի ներկայացրել քննչական մարմնին։ Փաստաբանական կողմն ասաց՝ քննչական կոմիտեն նշում է, որ կան այդ նյութերը, բայց գաղտնի են, հարց է առաջանում՝ ումի՞ց են գաղտնի։
Դատավոր Դավիթ Դաբաղյանը նշեց, որ քննչական կոմիտեն տարբեր փաստարկներ է բերել, ըստ որոնց՝ դրանք վերաբերելի չեն այս վարույթին, բացի այդ՝ հանդիսանում են այլ վարույթով նախաքննական գաղտնիք, և դրանց համակցության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ չի կարող տրամադրել։
Դատավորն ասաց, որ ներկա պահին այդ նյութերը հասանելի չեն կարող դառնալ։
«Եթե միջնորդենք, որ որևէ մեկը որպես վկա գա դատարան, դատարանը բավարարի, բայց վկան չուզի գալ, դատարանը որևէ պարտադրանք չի՞ կարող կիրառել», – հարցրեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ կան բազմաթիվ անձանց հարցաքննություններ, բազմաթիվ բնակարանների խուզարկություններ, և այդ նյութերում կարող են լինել գործին վերաբերելի, պաշտպանությանն անհրաժեշտ նյութեր, մինչդեռ ըստ փաստաբանի՝ դատարանն ասում է անորոշ է դրանց ձեռք բերումը։
Փաստաբանական կողմը դատարանին միջնորդեց պահանջել նախաքննական մարմնից այդ նյութերի տրամադրումը։ Դատարանը նշեց, որ քննչական կոմիտեին արդեն երկու անգամ նշել է, որ չի կարող տրամադրել։
«Ստացվում է, որ նախաքննական մարմինը ճի՞շտ է անում, որ չի տրամադրում վերաբերելի նյութերը», – հարցրեց փաստաբանը։
«Մեզ մոտ ողջամիտ կասկածներ են առաջանում դատարանի անկողմնակալության հետ կապված, մենք տեսնում ենք, որ դատարանը կաշկանդված է քննչական մարմնի վարքագծով», ասաց փաստաբաններից մեկը՝ նշելով, որ փաստաբանական խումբը կորոշի իր հետագա անելիքը։
Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 25-ին, ժամը 16․00-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































