Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին»․ Արփինե Սարգսյան

Ապրիլ 16,2026 14:02 Share

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։ 2025 թվականին հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 670 անձի, որից 19 367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակը ներառյալ՝ այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված 36 676 անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Տեղահանված անչափահասների ընդհանուր թիվը 28 հազար է, որից 12 հազարն արդեն անձնագրավորման եղանակով ստացել են ՀՀ քաղաքացիություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հորդորեց թվեր հնչեցնել, թե քանի արցախցի է դիմել քաղաքացիություն ստանալու համար, բայց մինչ այս պահը չի ստացել։ Պատգամավորն ասաց, որ արցախցիներից դիմումներ է ստանում՝ մարդիկ հերթագրվել են եւ ամիսներ շարունակ սպասում են իրենց օրվան։ «Մինչեւ ընտրական պրոցեսն այդ մարդիկ հնարավորություն կունենա՞ն ստանալու անձնագրեր եւ մասնակցելու համապետական ընտրություններին»,- հարցրեց Դանիելյանը։

Արփինե Սարգսյանը հստակ չպատասխանեց այս հարցին։ Նրա խոսքով՝ 2026 թվականի 3,5 ամիսների ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանվածներից քաղաքացիության շուրջ 7000 դիմում է ստացվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 4000 էր կազմում։

«Այս պահի դրությամբ ունենք պրոցեսի մեջ գտնվող շուրջ 4-5 հազար վարույթներ, որոնք ընթացքավորված են։ Ես որեւէ պրոցես չեմ կապում ընտրական գործընթացների հետ, որեւէ ձեւով հարցին չեմ անդրադառնում որպես ընտրությանը հասցնել-չհասցնելու թեմա։ Մենք ունենք հանձնառություն այն հայրենակիցների մասով, ովքեր ուզում են ստանալ Հայաստանի քաղաքացիություն եւ ըստ այդմ պրոցեսը կազմակերպելու ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ արցախցիներն ահազանգում են, որ քաղաքացիության դիմումները ներկայացրել են, բայց ամիսներով՝ հաճախ 5-6 ամիս սպասում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Արփինե Սարգսյանը չնշեց, թե քանի ամիս են սպասում արցախցիները, միայն ասաց․ «Մի փոքր երկար է տեւում, բայց փորձագիտական նոր անձնակազմ ունենք ներգրավված, որպեսզի այս գործերը եւս արագ ուղարկենք նախագահի աշխատակազմ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930