2026 թվականի մարտի 17-ին մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հիմնարկի առաջին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորված անձի կախված դի։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով նման դեպքերի արդյունավետ կանխարգելումը և հանրությանը տրամադրվող տեղեկատվության թափանցիկությունը, համապատասխան հարցադրումներով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը։ Կազմակերպության գրությունը հետագայում վերահասցեագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը։
Ինքնասպանություն կատարած անձի տարիքի վերաբերյալ հարցադրման առնչությամբ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ նա եղել է 53 տարեկան։ Կազմակերպությունը խնդրել է նաև տեղեկացնել, թե անձը երբ է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, որքան ժամանակ է գտնվել կարանտինային խցում, և որքան ժամանակ պետք է մնար այնտեղ։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ անձը կալանավորվել է 2026 թվականի մարտի 13-ին, իսկ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ մուտք է գործել 2026 թվականի մարտի 14-ին։ Կարանտինային խցում նա պահվել է 3 օր։ Ըստ սահմանված կարգի՝ կալանավորված անձը կարանտինային խցում կարող էր պահվել մինչև 7 օր ժամկետով։
Ինչ վերաբերում է ինքնասպանության կատարման հանգամանքներին, ապա Կազմակերպությանը տեղեկացրել են, որ 2026 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, կարանտինային մասնաշենքում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ներքին հեռախոսակապով հայտնել է, որ կալանավորված անձն ինքնասպանություն է գործել։ Վերջինս հայտնաբերվել է անգիտակից վիճակում։ Բժշկի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մասնավորապես՝ կատարվել են մերսումներ և արհեստական շնչառություն։ Հիմնարկ է կանչվել շտապ օգնության բրիգադ, և բժշկի կողմից ժամը 11:25-ին արձանագրվել է անձի կենսաբանական մահը։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ ինքնասպանությունը կատարվել է կոշիկի քուղը մահճակալի երկաթյա հատվածին և պարանոցին փաթաթելու միջոցով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Կարդացեք նաև
Կազմակերպությունը նաև հետաքրքրվել է, թե քրեակատարողական հիմնարկ մուտքի ժամանակ արդյոք իրականացվել է անձի ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի նախնական զննություն և/կամ խորքային գնահատում։ Եթե այո, ապա ինչ արդյունքներ են արձանագրվել, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագիտական խմբի կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել ինքնասպանության հնարավոր ռիսկի նվազեցման և անձի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ։ Այս համատեքստում Կազմակերպությանը տեղեկացրել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվող ազատազրկված անձանց հետ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 631-Լ հրամանի համաձայն, իրականացվում է ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատում։
Կազմակերպությունը հետաքրքրվել է նաև, թե արդյոք անձը նախկինում ունեցել է կալանավորվածի կամ ազատազրկման դատապարտվածի կարգավիճակ, և եթե այո՝ ապա ինչ հոդվածներով և քանի անգամ։ Բացի այդ, Կազմակերպությունը խնդրել է պարզաբանել, թե ըստ նախնական տվյալների որոնք են ինքնասպանության հնարավոր պատճառները, ինչպես նաև տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյոք անձը նախքան դեպքը կատարել է ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ, և եթե այո՝ ապա ինչ պատճառներով և քանի անգամ։ Սակայն նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Քրեակատարողական ծառայությունը մերժել է՝ հիմնավորելով, որ դրանք անձնական տվյալներ են, որոնց տրամադրումը սահմանափակված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն։ Բացի այդ, Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր և նախաձեռնվում է քրեական վարույթ։ Հետևաբար, ինքնասպանության դեպքով վարույթի ընթացքի, դրա պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը չի կարող տեղեկատվություն տրամադրել։
Նշված դեպքի առնչությամբ Կազմակերպությունը դիմել է նաև ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ անձը մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, արդյոք իրականացվել է նրա հոգեկան առողջության նախնական զննություն և/կամ ռիսկերի ու կարիքների խորքային գնահատում։ Կազմակերպությունը նաև խնդրել է տեղեկացնել, թե արդյոք իրականացվել է անձի ընդհանուր առողջական վիճակի զննություն, և եթե այո՝ ապա ինչ արդյունքներ են արձանագրվել, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման մասնագիտական խմբի կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել անձի առողջության պահպանման և բարելավման ուղղությամբ։ Կազմակերպության գրությունը վերահասցեագրվել է նշված ՊՈԱԿ-ին, որտեղից տեղեկացրել են, որ ցանկացած մահվան դեպքում, այդ թվում՝ նաև գրությամբ նշված դեպքի կապակցությամբ, համապատասխան իրավասու մարմինների կողմից նախաձեռնվում է քրեական վարույթ։ Վերոգրյալից ելնելով՝ նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ը որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։
Ամփոփելով ստացված տեղեկությունները՝ Կազմակերպությունը հանգել է այն եզրակացությանը, որ առկա խնդիրները վերաբերում են տեղեկատվության թափանցիկության սահմանափակումներին, կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետությանը, անվտանգության պայմանների հնարավոր բացերին և պետական մարմինների միջև համակարգված աշխատանքի ոչ լիարժեք տեսանելիությանը։
Այսպիսով, թե՛ Քրեակատարողական ծառայությունը, թե՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը չեն տրամադրել մի շարք կարևոր տվյալներ՝ հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանությանը և նախաքննության ընթացքին։ Թեև ներկայացված իրավական հիմքերը հասկանալի են, սակայն արդյունքում հանրային վերահսկողության համար էական նշանակություն ունեցող տեղեկությունները չեն բացահայտվում, ինչը գործնականում հանգեցնում է նրան, որ դեպքի պատճառների, հնարավոր համակարգային բացերի և պատասխանատվության հարցերը մնում են հանրային վերահսկողությունից դուրս։
Հաջորդ խնդիրը վերաբերում է ինքնասպանության պատճառների և ռիսկերի գնահատման վերաբերյալ անհստակությանը։ Նշված հարցադրումներին ի պատասխան տրամադրվել են միայն ընդհանուր տեղեկություններ առ այն, որ իրականացվում է ռիսկի գնահատում, սակայն կոնկրետ տվյալներ տվյալ անձի վերաբերյալ գնահատման արդյունքների, ռիսկի մակարդակի կամ կիրառված միջոցառումների մասին չեն ներկայացվել։ Տրամադրված տեղեկատվությունը թույլ չի տալիս գնահատել գնահատումից հետո ձեռնարկված միջոցառումների ծավալն ու արդյունավետությունը։
Չնայած սահմանված կարգով նախատեսված է մինչև 24 ժամվա ընթացքում ռիսկի գնահատման իրականացում, սակայն դեպքը տեղի է ունեցել կարանտինային փուլում՝ կալանավորումից և «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց մոտ չորս օր հետո, ինչը բարձր ռիսկային շրջան է։ Սա մտահոգություններ է առաջացնում ձեռնարկված հսկողության և հոգեբանական աջակցության ոչ բավարար և արդյունավետ լինելու վերաբերյալ։
Բացի այդ, տրամադրված տեղեկության համաձայն՝ ինքնասպանությունը կատարվել է կոշիկի քուղի և խցի մահճակալի երկաթյա հատվածի օգտագործմամբ, ինչը վկայում է հնարավոր ինստիտուցիոնալ բացերի մասին՝ վտանգավոր առարկաների վերահսկման և խցային միջավայրի անվտանգության ապահովման տեսանկյունից։
Կազմակերպության դիտարկմամբ, հաջորդ խնդիրը վերաբերում է միջգերատեսչական համակարգված աշխատանքի ոչ լիարժեք տեսանելիությանը։ Չկա հստակ պատկերացում, թե ինչպես են համագործակցել քրեակատարողական և առողջապահական կառույցները տվյալ անձի հոգեկան և ֆիզիկական առողջության գնահատման և աջակցության ապահովման գործընթացում։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ


















































