Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է.
«Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվում, որ հասարակագիտության ու ճշգրիտ գիտության միջև մեծ տարբերություն չկա. երկուսն էլ, ըստ էության, մտածողության ձևեր են՝ մեր շուրջը գոյություն ունեցող երևույթները հասկանալու համար:
Եթե հասարակագիտությունը փնտրում է մարդկային փոխազդեցությունների տրամաբանությունը, ապա ճշգրիտ գիտությունները փորձում են գտնել «մասնիկների» փոխազդեցության օրինաչափությունները։
Իհարկե, կրթական գործընթացում մեզ հաճախ վախեցրել են ճշգրիտ գիտությունների «խրթին աշխարհով», սակայն պարզվում է՝ գիտության ցանկացած ճյուղ կարող է դառնալ հետաքրքիր ու ընկալելի, երբ բացատրողները պատրաստակամ են գործադրել անհրաժեշտ ջանքը:
Սթիվեն Հոքինգի և Լեոնարդ Մլոդինովի «Մեծ նախագիծը» (The Grand Design) գիրքն ավելի հաստատեց այս համոզմունքը։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ ֆիզիկական տեսությունները, ի վերջո, մոդելներ են, որոնք մենք կառուցում ենք իրականությունը բացատրելու համար։
Կարդացեք նաև
Մոդելից կախված ռեալիզմ. Այս համատեքստում հեղինակներն առաջադրում են «մոդելից կախված ռեալիզմի» (model-dependent realism) հայեցակարգը։ Ըստ դրա՝ մեր ուղեղը ցանկացած տեղեկատվություն մշակում է որոշակի մոդելների միջոցով։ Հեղինակները դա բացատրում են ակվարիումում ապրող ձկան օրինակով. եթե ձուկը նայում է աշխարհին կոր ապակու միջով, նրա համար իրականությունը կորագիծ է, և նրա սահմանած ֆիզիկայի օրենքները ճիշտ են իր դիտանկյունից։
Իհարկե, սրանից չի ենթադրում այն ծայրահեղ մոտեցումն, թե մեր մտքից դուրս օբյեկտիվ իրականություն գոյություն չունի։ Խնդիրն այլ է. մենք շատ դեպքերում հնարավորություն չունենք իրականությունն ուղիղ տեսնել և հասկանալ։ Խոսքը ճանաչողական սահմանափակումների մասին է: Հետևաբար, այն, ինչ անվանում ենք «իրական», մեծապես կախված է մեր ընտրած մտածողության ձևից և այն գիտական կամ սոցիալական մոդելներից, որոնցով փորձում ենք բացատրել աշխարհը:
Գիտությունը որպես ստեղծագործություն. Այս տեսանկյունից ճշգրիտ գիտությունները դադարում են լինել միայն թվերի ու բանաձևերի չոր աշխարհ: Դրանք դառնում են ստեղծագործական պրոցես, որտեղ մարդկային միտքն անընդհատ ընդլայնում է իմացության սահմանները: Սա մեզ բերում է մի կարևոր եզրահանգման. մեր կողմից իրականության ընկալումը ոչ թե պասիվ դիտարկում է, այլ ակտիվ մասնակցություն աշխարհի կառուցմանը:
Ի վերջո, «Մեծ նախագիծը» ոչ միայն տիեզերքի, այլև մարդկային մտքի անսահման հնարավորությունների մասին է։ Այն կոտրում է կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գիտությամբ հետաքրքրվելը դառնում է անհրաժեշտություն՝ ինքներս մեզ, շրջապատող աշխարհն ու տիեզերքն ավելի լավ ճանաչելու համար։
Գուցե այս գիրքը չի տալիս բոլոր հարցերի պատասխանները, բայց այն միանշանակ վերաձևակերպում է գոյություն ունեցող հարցերը։ Եվ կյանքում դա ամենակարևորն է»։


















































