Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի թիվ 50/3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մարկոս Գալստյանը հանդիսանում է Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 50/3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը: Ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով իրականում փոխառության և հիփոթեքի պայմանագիր կնքվելու փոխարեն ստիպված է լինում 13.08.2010 թվականին անշարժ գույքի առուվաճառքի ձևակերպված պայմանագիր կնքել, որը իրականում չի համապատասխանել կողմերի իրական կամարտահայտությանը։ Այստեղից էլ սկսվում է նրա դատական պատմությունը, որի մասին իրազեկվել են ՀՀ վարչապետը, արդարադատության նախարարը, ՄԻ պաշտպան Ա. Մանասյանն ու Ամիրխանյանը:
2010 թ. սեպտեմբերի 17-ին տան նոր գրանցված սեփականատեր հանդիսացող անձը տունն իր հերթին առուվաճառք ձևակերպված պայմանագրով վաճառք է ձևակերպում Արմեն Գալստյանի անվամբ։ Համաձայն՝ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/1239/02/11 քաղաքացիական գործով 22.03.2023թ.–ին կայացված վճռի՝ դատարանը հաստատված է համարել, որ՝ նշյալ առուվաճառքի պայմանագրերից հետո բնակարանը ոչ մի գնորդի չի հանձնվել, նրանք նման պահանջ չեն էլ ներկայացրել, ավելին, նրանք փաստել են, որ բնակարանի իրական առուվաճառք չի եղել, դա կատարվել է որպես գումարի վերադարձման երաշխիք:
Այս ամենը հիմք է հանդիսացել արձանագրելու, որ՝ Մարկոս Գալստյանին պատկանող Երևանի Եղիազարյան փողոցի 50/3 հասցեի տունը Վազգեն Միրզոյանին վաճառելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրով և Վազգեն Միրզոյանի կողմից Երևանի Եղիազարյան փողոցի 50/3 հասցեի տունը Արմեն Գալստյանին վաճառելու վերաբերյալ պայմանագրով ծագել են անշարժ գույքի առուվաճառքի իրավահարաբերություններ, որոնք, ըստ Գալստյանի ներկայացուցիչ Գ. Գրիգորյանի, սակայն, դրանք իրականում իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկացել են ներկայացնել երրորդ անձանց: Այսինքն, գործարքը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Վերջիններս թեև ստորագրել են առուվաճառքի պայմանագրերը, սակայն, պայմանագրերի հիման վրա նախ, Մարկոս Գալստյանի և Արայիկ Ավետիսյանի, ապա նաև Արայիկ Ավետիսյանի ու Վազգեն Միրզոյանի, ինչպես նաև վերջինիս ու Արմեն Գալստյանի միջև իրենց բնույթով առաջացել են այլ` փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերից ծագող իրավահարաբերություններ (այսինքն, 13.08.2010 թվականին և 17.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը շինծու, հետևաբար, նաև առոչինչ գործարքներ են):
Դատարանը հայցը բավարարել էր:
Կարդացեք նաև
Որպես շինծու գործարք անվավեր է ճանաչել Մարկոս Վաչագանի Գալստյանի կողմից 19.07.2010 թվականին Արայիկ Ավետիսյանին տրված և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար՝ Աիդա Աբրահամյանի սեղանամատյանի 5105 գրանցումով հաստատված լիազորագրի հիման վրա 13.08.2010 թվականին Արայիկ Ավետիսյանի կողմից Մարկոս Գալստյանին պատկանող Երևանի Եղիազարյան փողոցի 50/3 հասցեի տունը Վազգեն Միրզոյանին վաճառելու վերաբերյալ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աշխեն Հարությունյանի սեղանամատյանի 7616 գրանցահամարով վավերացված առուվաճառքի պայմանագիրը և 17.09.2010 թվականին «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռ.Առաքելյանի սեղանամատյանի 3754 գրանցահամարով Վազգեն Միրզոյանի կողմից Երևանի Եղիազարյան փողոցի 50/3 հասցեի տունը Արմեն Գալստյանին վաճառելու վերաբերյալ պայմանագիրը և դրանց նկատմամբ կիրառել փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները:
Ինչպես վճռի բնօրինակը՝ օրինական ուժի մեջ մտած լինելը հաստատող երկրորդ կնիքով և ստորագրությամբ, այնպես էլ՝ վրիպակը ուղղելու մասին որոշման բնօրինակը ներկայացվել են ՀՀ Կադաստրի կոմիտե, որի հիման վրա Երևանի Եղիազարյան փողոց 50/3 հասցեի նկատմամբ կրկին պետք է վերականգնվեր` գրանցում ստանար Մարկոս Գալստյանի սեփականության իրավունքը և տրամադրվեր սեփականության իրավունքի վկայական։
Սակայն ՀՀ կադաստրի կոմիտեն տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններով մինչ օրս մերժում է գրանցել օրինական ուժի մեջ մտած վճռով վերականգնված Մարկոս Գալստյանի սեփականության իրավունքը։ Փոխարենը ՀՀ կադաստրի կոմիտեն 24.03.2023թ.-ին Արմեն Գալստյանին տրամադրել է նոր սեփականության իրավունքի թիվ՝ N 24032023-01-0223 վկայականը, որպես գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ նշելով դատարանի կողմից անվավեր ճանաչված՝ 18.09.2010թ.-ին կնքված թիվ սմ-3754 առուվաճառքի պայմանագիրը։ Այսինքն, գույքի իրական սեփականատիրոջը տարաբնույթ անհիմն պատճառաբանություններով սեփականության իրավունքի գրանցումը կասեցնելու պայմաններում զարտուղի եղանակներով սեփականության իրավունքի գրանցման նոր վկայական է տրվել դրա իրավունքը չունեցող անձին։
Նշվածի վերաբերյալ Գալստյանի ներկայացուցիչը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն քննիչը և հսկող դատախազը գտել են, որ՝ քրեական վարույթ չպետք է նախաձեռնվի, գործը կրում է քաղաքացիաիրավական բնույթ։ Որոշումների դեմ ներկայացվել է բողոք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 28.04.2025թ.-ին տրված գրությամբ էլ այս անգամ ՀՀ կադաստրի կոմիտեն կայացրել է որոշում՝ Մարկոս Գալստյանի իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին։
Գ. Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածին, համաձայն որի` «1. Օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի համաձայն.
- Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
- Դատական ակտի և դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»:
Այսինքն, ըստ Գ. Գրիգորյանի, «Ստացվում է, որ՝ ՀՀ կադաստրի կոմիտեն իրականացնում է հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռին հակասող գործառույթներ՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը։ Ավելին, կատարում է հանցանքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի վերը հիշատակված, չի բացառվում նաև այլ հոդվածների հատկանիշներով»։
Այդ ամենը բավական չէ, թիվ ԵԱԴԴ/1239/02/11 քաղաքացիական գործով 22.03.2013 թվականի վճիռը ապօրինի կերպով չգրանցելու արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, քննության առնելով Արմեն Գալստյանի ընդդեմ Մարկոս Գալստյանի և վերջինիս ընտանիքի անդամների ներկայացված հայցադիմումը՝ վերջիններիս Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 50/3 հասցեի անշարժ գույքից վտարելու պահանջների մասին 05.04.2023թ.-ին թիվ ԵԱԴԴ/0814/02/11 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, համաձայն որի՝ վճռել է սեփականության իրավունքը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դադարեցված Արմեն Գագիկի Գալստյանի հայցն ընդդեմ գույքի իրական սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների բնակելի տնից վտարելու պահանջի մասով, բավարարել:
Բողոքարկումների արդյունքում դատական ակտը թողնվել է անփոփոխ այն պայմաններում, երբ նշված գործով հայցվոր Արմեն Գալստյանը, համաձայն դատական ակտի. այլևս չի հանդիսացել նշված հասցեի սեփականատեր, հետևաբար՝ պատշաճ հայցվոր, իսկ Մարկոս Գալստյանը օրինական ուժի մեջ մտած վճռով վերականգնել է իր որպես սեփականատիրոջ իրավունքները։
Դատարանները նման դատական ակտի համար որպես պատճառ նշում են հենց այն հանգամանքը, որ՝ ՀՀ կադաստրի կոմիտեն չի գրացել Մարկոս Գալստյանի սեփականության իրավունքը։ Այսինքն, դատարանների համար միևնույն է եղել հանուն Հայաստանի Հանրապետության թիվ ԵԱԴԴ/1239/02/11 քաղաքացիական գործով 22.03.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Արմեն Գալստյանն այլևս որևէ իրավունք վեճի առարկա գույքի նկատմամբ չի ունեցել, միևնույն ժամանակ, վերականգնված են եղել Մարկոս Գալստյանի, որպես՝ սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների որպես նշված հասցեում օրինական հիմքերով բնակվողների իրավունքները։
Ապօրինությունների շղթան շարունակվել է, երբ Արմեն Գալստյանը թիվ ԵԱԴԴ/0814/02/11 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ի կատար ածելու՝ Մարկոս Գալստյանին և նրա ընտանիքի անդամներին վտարելու վերաբերյալ կատարողական թերթ է պահանջել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից, որն էլ չնայած Գալստյանի կողմի առարկություններին տրամադրել է կատարողական թերթ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն էլ փոխարենը ի կատար ածի Մարկոս Գալստյանի սեփականության իրավունքը վերականգնելու դատական ակտը, կատարողական վարույթներ է հարուցել տան սեփականատիրոջ՝ Մարկոս Գալստյանի և նրա ընտանիքի անդամներին նշված բնակելի տանից վտարելու վերաբերյալ։
ՄԻԵԴ–ի իրավական դիրքորոշումների համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել։ Փաստորեն, ՄԻԵԴ–ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ–ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ– ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ–ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ–ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ–ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ–ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ): Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՄԻԵԴ–ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում։
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում են սեփականության բոլոր ձևերը, յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, որևէ մեկը չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Կողմը հորդորում է բոլոր իրավասու մարմիններին ձեռնարկել միջոցներ կանխելու այս ապօրինությունների շղթան և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, քանի որ՝ ՀՀ կադաստրի կոմիտեն իրավունք չունի չկատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և անհիմն պատճառաբություններով մերժել Մարկոս Գալստյանի վերականգնված սեփականության իրավունքի, ինչպես նաև Արմեն Գալստյանի սեփականության իրավունքի դադարեցման գրանցումը, իսկ հարկադիր կատարման ծառայությունը իրավասու չէ գույքի իրական սեփականատիրոջը և նրա ընտանիքի անդամներին վտարել սեփական տնից։ Եթե անգամ հարկադիր կատարման ծառայությունը ստացել է կատարողական թերթ, ապա նման պայմաններում պարտավոր է վերացնել կատարողական վարույթ հարուցելու որոշումները կամ կարճել վարույթները՝ կատարողական թերթի պահանջների կատարումը օրենքին հակասելու, կամ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունը օրենքով սահմանված այլ հիմքով դադարելու պատճառաբանությամբ։ Հակառակ դեպքում կոպտորեն խախտվում են Մարկոս Գալստյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, այլ օրենքներով, ՄԻԵԿ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքից բխող հիմնարար իրավունքները։
«Առավոտի» իրավական էջ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2026


















































