Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 8-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Մինչ բյուջետային փաստաթղթի բովանդակային եւ թվային ցուցանիշներին անդրադառնալը՝ ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է մեր ժողովրդին նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ փաստել. «Շնորհավորում եմ ՀՀ ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում հաղթելու համար: ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը»:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրլն 648.8 մլրդ դրամով: Ըստ վարչապետի՝ սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, արձանագրվում է, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, ավելացել շուրջ 135 տոկոսով: «2017 թվականի բյուջեին ավելացրել ենք եւս մեկ նման ճշգրիտ 2017 թվականի բյուջե եւ նաեւ դրան գումարվել է եւս 35 տոկոս: Սա, կարծում եմ, շատ կարեւոր եւ էական ցուցանիշ է եւ այս ցուցանիշի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, նաեւ ՀԴՄ պահանջող եւ դուրս գրող բոլոր տնտեսավարողներին եւ քաղաքացիներին: Ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու ՀՀ բյուջեն մեր ընդհանուր բյուջեն է, ՀՀ ընտանեկան բյուջեն է եւ մեզնից յուրաքանչյուրն այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Պետական բյուջեի ծախսերը եւս էականորեն աճել են. ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 մլրդ դրամ, որոնք 2017 թվականի համեմատ 120 տոկոսով աճել են: Այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը՝ 464.2 մլրդ դրամով կամ ավելի քան 2.9 անգամ, այսինքն՝ 190 տոկոսով կապիտալ ծախսերն աճել են:
Վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը, ներառյալ սուբվենցիաների մասը 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3.5 անգամ:
ՀՀ վարչապետը մանրամասնել է երկաթուղային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները, արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, ռազմարդյունաբերության ոլորտի ձեռքբերումները, բանակում իրականացվող ծրագրերը: Նա անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության, կրթական, սոցիալական, զբոսաշրջության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումների օրակարգին:
«2025 թվականի կարեւորագույն իրադարձությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք՝ նախաստորագրելով Խաղաղության համաձայնագիրը եւ հռչակագիր ընդունելով, որը որպես վկա՝ ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Մեր խնդիրը պարզ է. առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել Խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այն փաստը, որ այս ընթացքում հնարավոր է եղել նաեւ ավարտին հասցնել «TRIPP ուղի» նախագծի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որն արդեն ստորագրված է եւ պետք է սկսել վավերացման գործընթացը: «Իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, եւ սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում, եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:
ԱԺ


















































