Կրեմլը Փաշինյանին հրապարակավ խորհուրդ տվեց արագ կողմնորոշվել. կամ այս կողմ, կամ՝ այն կողմ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Կրեմլում ճեպազրույցի ընթացքում հրապարակավ անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման թեմային, եւ կարելի է ասել՝ առաջին անգամ «փակագծեր» բացեց՝ նշելով, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում» են պահանջում:
Պուտինը, իհարկե, նշեց, որ Ռուսաստանը կսատարի այն որոշմանը, ինչը շահավետ կլինի հայ ժողովրդի համար: Ուշագրավ էր Պուտինի առաջարկը՝ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով, այսպես ասած՝ քաղաքավարի ապահարզանի համար։
Հետաքրքրականն այն է, որ Հայաստանը, երբ ստիպված եղավ անդամակցել Մաքսային միությանը, Պուտինը Սերժ Սարգսյանին չառաջարկեց հանրաքվե անցկացնել ու լսել ՀՀ քաղաքացիների կարծիքը։ «Օրինակ՝ հանրաքվեի անցկացում. մեր գործը չէ, բայց լիովին տրամաբանական կլիներ հարցնել ՀՀ քաղաքացիներին։ Այնուհետեւ մենք եզրակացություններ կանենք եւ կձգտենք մեղմ, խելացի եւ փոխշահավետ բաժանման», ասաց Պուտինը։
Կարդացեք նաև
Իհարկե, Ռուսաստանի նախագահը մատնանշեց, թե Հայաստանն ինչ նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Ռուսաստանը կաջակցի ամեն ինչին, ինչը օգուտ կբերի հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ ունենք դարերի պատմություն ունեցող հատուկ հարաբերություններ։ Եթե դա օգուտ կբերի նրանց, մենք դեմ չենք լինի դրան, բայց հաշվի կառնենք որոշակի հանգամանքներ»։ Պուտինը հիշեցրեց, որ Հայաստանի հետ առեւտուրը, չնայած նվազել է, այնուամենայնիվ, կազմում է զգալի 7 միլիարդ դոլար, եւ Հայաստանը մեծ առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Պուտինը կարծում է, որ ճիշտ կլիներ Երեւանի վերաբերմունքը իր քաղաքացիների եւ Ռուսաստանի նկատմամբ՝ որպես տնտեսական գործընկեր, հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում եւ դա անել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։
Նկատենք, որ անցյալ շաբաթ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երեւանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ուղարկել, թե՞ ոչ:
«Մենք հասկանում ենք, որ որեւէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու, եւ, հետեւաբար, մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանեցնել, համապատասխանել Եվրոպական միության ստանդարտներին, իհարկե, Եվրոպական միության մեր գործընկերների աջակցությամբ… Եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով», ասել էր Փաշինյանը:
Հանգստյան օրերին Հայաստանի թեմային անդրադարձավ նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ Երեւանն ունի ինքնիշխան իրավունք անցկացնելու այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եւ որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ հետեւում է բազմավեկտոր մոտեցմանը։
«Նման գագաթնաժողովներ անցկացնելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը նույնպես բացարձակ նորմալ է», – ասել էր Պեսկովը։
Այնուամենայնիվ, Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երեւանից՝ Վլադիմիր Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելու համար, «Վեստի» լրատվական գործակալության լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ միեւնույն ժամանակ կարեւորելով, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չընդունի. «Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ցանկությունը՝ բոլոր ճակատներում լավ հարաբերություններ զարգացնելու, սակայն Զելենսկիին հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրելը հակասում է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների պահպանմանը»։
Ի տարբերություն ՌԴ նախագահի եւ նրա խոսնակի, որոնք հրապարակային առավել հանդարտ տոնայնությամբ հայտարարություններ արեցին, անցյալ շաբաթ ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններն առավել կտրուկ էին։
Եվրամիությունը նպատակ ունի Հայաստանը «կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ կայուն տնտեսական կապերից», «Известия»-ին հաղորդել էին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությունից։ «Մենք բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում եւ Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ «Գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» եւ «ժողովրդավարությանը սատարելու» գեղեցիկ կարգախոսների հետեւում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ՝ հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որեւէ հստակ այլընտրանք չի առաջարկվում», – պնդել էին գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ից հավելել էին, թե Երեւանը շարունակում է մնալ Մոսկվայի դաշնակիցը, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ, չնայած Երեւանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին: «Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք, ըստ էության, հակասում են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին եւ առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։ Ակնկալում ենք, որ Երեւանը թույլ չի տա ԵՄ ներկայացուցիչներին օգտագործել մեր հայ դաշնակիցների հետաքրքրվածությունը արտաքին տնտեսական կապերի ընդլայնման հարցում՝ վնաս հասցնելու արդեն ձեւավորված քաղաքական, պատմական, հումանիտար եւ տնտեսական կապերին»,- եզրափակել էին ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ Երեւանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երեւան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, այնուհետեւ էլ շեշտեցին, թե Բրյուսելին մերձեցող Երեւանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:
Նաեւ հիշեցնենք, որ անցյալ ամիս Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպմանը եւ հանդիպումից հետո ռուսական կողմը տնտեսական հնարավոր բացասական հետեւանքներով սպառնաց Հայաստանին՝ գազի գնից մինչեւ Ռուսաստանում հայկական բիզնեսների նկատմամբ հնարավոր ճնշումներ:
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի կտրուկ էր իր արտահայտություններում. նա պնդել էր, թե «Հայաստանին ներքաշում են ագրեսիվ եվրատլանտյան ստանդարտների ու մեխանիզմների մեջ»: «Հայաստանի իշխանությունների բռնած ուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երեւանին անդառնալիորեն Բրյուսելի հակառուսական քաղաքականություն ներքաշելուն՝ քաղաքական ու տնտեսական բոլոր հետեւանքներով Հայաստանի համար», – նշել էր նա:
Արձանագրենք, որ Փաշինյանը վերջին շաբաթներին պարբերաբար վստահեցնում էր, թե հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, երկու երկրները լուրջ խնդիրներ չունեն:
Մայիսի 9-ին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, մինչդեռ, նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր, խնդիրներ կան, որոնք քննարկում են ռուս գործընկերների հետ: Դիվանագետը հավելել էր, որ պաշտոնական Երեւանը երկխոսության միջոցով է փորձում հասցեագրել այդ հարցերը: «Ես դա ճգնաժամ չէի անվանի, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ: Մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ հարցերը», – ասել է Սաֆարյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում: «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն: Եթե այդ հարաբերությունների ամբողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում», – ասաց Գրիգորյանը։ Նա անդրադարձավ նաեւ Մոսկվայից հնչող հայտարարություններին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երեւանում հարթակ տրամադրելու վերաբերյալ. «ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձեւաչափը»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ նշելով. «ԱԳՆ հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունեմ»:
Չնայած այն հանգամանքին, որ ռուսաստանցի պաշտոնյաները որոշակի դիվանագիտական-քաղաքակիրթ լեզու են պահպանում Հայաստանի առնչությամբ, ռուսական քարոզչամեքենան շատ ավելի կոշտ գնահատականներով է հանդես գալիս, որը, բնականաբար, պատահականություն չի կարելի համարել։ Մայիսի 6-ին, օրինակ, «Առաջին ալիքի» եթերում «Большая игра» քաղաքական-վերլուծական հաղորդման ընթացքում շուրջ երեսուն րոպե ուղղակի խայտառակ վիրավորական որակումներով էին խոսում Հայաստանի իշխանությունների քաղաքականության վերաբերյալ, անգամ՝ Փաշինյանի պապին էին հիշել։
Ինչեւէ, պաշտոնական Մոսկվայից Երեւանին ուղերձներն առավել քան հստակ են. Պուտինը Փաշինյանին խորհուրդ է տալիս արագ կողմնորոշվել, այսպես ասած՝ կամ այս կողմ, կամ՝ այն կողմ։ Իսկ ՀՀ իշխանությունների կողմից այսուհետ դրսեւորած «կոմպլեմենտարությունը» Կրեմլը կդիտարկի որպես «Մոսկվայի հետ խաղալու» անհաջող գիծ, որն, ինչպես երեւում է, այլեւս չեն պատրաստվում հանդուրժել։
Փաշինյանը պատասխանեց Պուտինի առաջարկին։ «Մինչեւ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում», նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարություններին: Փաշինյանն ասել է, որ համաձայն չէ «ապահարզան» ձեւակերպման հետ, որովհետեւ միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: «Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որեւէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք եւ լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին»,- նշել է Փաշինյանը՝ հայտնելով, որ մայիսի 28-29-ը չի մեկնի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2026


















































