Կառավարության հաշվետվության մեջ ներկայացվում են տնտեսական աճի թվեր, հարկային մուտքերի ավելացում և ծրագրերի իրականացում, սակայն բացակայում է ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է այս ամենը։ Ո՞րն է այն քաղաքակրթական նպատակը, որի համար կառուցվում է տնտեսական համակարգը։ Ի՞նչ հասարակություն է ձևավորվում, և ի՞նչ մարդ է դաստիարակվում այդ համակարգում։
Այս հարցերի բացակայությունը պատահական չէ։ Դրանք դուրս են մղվել քաղաքական օրակարգից։ Բայց հենց այդ ամենի բացակայությունն է ստեղծում խորքային հակասություն։ Մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական աճ, մյուս կողմից՝ հասարակության մեջ աճում է անորոշությունը, արժեքային դատարկությունը և ապագայի հանդեպ անվստահությունը։ Երբ տնտեսությունը զարգանում է առանց քաղաքակրթական ուղղության, այն ստեղծում է թվեր, բայց չի ստեղծում իմաստ և բովանդակություն։
Ներկայիս մոտեցման մեջ պետությունը հաճախ դիտարկվում է որպես ծառայություն մատուցող կառույց՝ արդյունավետ կառավարման և տնտեսական աճի նպատակով։ Սակայն այստեղ կա հիմնարար բաց. չի ձևակերպվում, թե ինչ արժեքների վրա է հիմնված այդ ծառայությունը։ Եթե չկա արժեքային հիմք, ապա ծառայությունը դառնում է ինքնանպատակ, իսկ պետությունը՝ տեխնիկական օպերատոր։
Քաղաքակրթական մոդելի բացակայությունը հատկապես վտանգավոր է Հայաստանի նման երկրի համար, որը ունի հարուստ պատմություն, մշակութային ինքնություն և բարդ աշխարհաքաղաքական միջավայր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել արժեքային առումով չեզոք պետություն։ Չեզոքությունը այս դեպքում նշանակում է ինքնության աստիճանական կորուստ և արտաքին ազդեցությունների ուժեղացում։
Կարդացեք նաև
Քաղաքակրթական մոդելը պարզապես գաղափարական հավելում չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում են բոլոր մնացած քաղաքականությունները։ Առանց այդ հիմքի տնտեսական ռազմավարությունները դառնում են իրավիճակային, կրթական քաղաքականությունը՝ անկայուն, սոցիալական քաղաքականությունը՝ հատվածական։
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































