Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է մի պլանավորված գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն․ Միքայել Բադալյան

Հունիս 06,2026 09:30 Share

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին համացանցում, հատկապես ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն:

Իրականում Օձասարի ուրարտական արձանագրությունը հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովը: 1996 թվականի Վ. Իգումնովի, Հ. Կարագյոզյանի և Ս. Հմայակյանի կողմից «Պատմաբանասիրական հանդես»-ում տպագրվել է հոդված Օձասարի արձանագրության և դրա ընթերցման վերաբերյալ: Հետագայում նշանավոր ուրարտագետներ Ն. Հարությունյանը և Մ. Սալվինին ևս հրատարակել են այդ արձանագրության վերաբերյալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրությանը անդրադարձել է նաև հայտնի ուրարտագետ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում հիշատակվող պաշտամունքային ասպեկտներին՝ նաև տողերիս հեղինակը:

Արձանգրությունում նշվում է Իշպուինիի և Մենուայի կողմից Արծինի և Անիանի քաղաքների երկրները նվաճելու, Խալդի աստծո պատվին կոթող կագնեցնելու, ինչպես նաև՝ Խալդիին և Խալդիի կնոջը կենդանական զոհաբերություններ մատուցելու մասին:

Օձասարը գտնվում է պատմական Հայաստանի Խոշակունիք բնակավայրի մոտ:

Ինչու հենց այս ժամանակաշրջանում ադրբեջանցիները սկսեցին տարածել Օձասարի արձանագրությունը գտնելու լուրերը: Բացի այդ, նրանք արդեն խոսում են, որ արձանագրությունը փաստում է Նախիջևանում ուրարտական տերության ներկայության մասին և նաև նշում են, որ եղել է նաև frontier: Սա շատ նուրբ եզրույթ է և կարող է ունենալ հեռուն գնացող նպատակներ:

Մինչև վերջերս ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով արգելում էին նշել, գրել, որ Նախիջևանում եղել է ուրարտական տերության ներկայություն: Նույնիսկ Օղլան կալայից գտնված սեպագիր արձանագրությամբ մատնանշված տիպիկ ուրարտական կարասի բեկորը համարում էին տեղական գրի դրսևերում: Նրանք նույնիսկ Նախիջևանում աշխատող օտարերկրացի գիտնականներին էին փորձում ստիպել, որ իրենց աշխատանքներում նշեն, որ Նախիջևանում ուրարտական ներկայության հետքեր չկան: Դրա վառ ապացույցներից մեկն է ամերիկացի նշանավոր հնագետ, Բրեդլի Փարքերի “Azeri Nationalism and the Silencing of the Past”, «Ադրբեջանական ազգայնականությունը և անցյալի ձայնազրկումը», որը իր զեկուցման տեքստն է, որտեղ հայտնի գիտնականը դրել է իր և ադրբեջանցիներից իրեն ուղղված նամակի հաղորդագրությունը, որտեղ վերջինս Փարքերին փորձում է համոզել, որ Նախիջևանի ամրոցներն ուրարտական չեն:

Սակայն, ըստ երևույթին այժմ լուրջ փոփոխություն է տեղի ուենում:

Սակայն, այժմ մեկ էլ տեսնում ենք, որ Նախիջևանում վերագտել են Օձասարի արձանագրությունը: Հարց է առաջանում. Եթե նրանք շատ ուզենային, կարող էին ավելի վաղ գտնել այդ արձանագրությունը: Կարծում եմ, որ, իհարկե, կարող էին: Մյուս հարցն է առաջանում, իսկ ինչո՞ւ են հենց հիմա սկսել ներկայացնել այդ արձանագրության մասին, խոսել Նախիջևանում ուրարտական ժառանգության մասին:

Ներկայումս ադրբեջանցիները սկսել են քարոզել, որ հայերն Ուրարտուի հետ որևէ կապ չունեն: Իմ անձնական կարծիքով, այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ սկսել է մի գործընթաց, ընդ որում, պլանավորված գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն: Ընդ որում, եթե առաջ Ուրարտուին՝ Արարատի թագավորությանը հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը…

Շատ հետաքրքիր է, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի Ուրարտուի խայտառակ, սխալաշատ քարտեզում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չկա, ներառված Էրեբունին չկա, բայց այ Նախիջևանը ներառված է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930