Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ապրիլ 21,2026 17:14 Share

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն իր ելույթում նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Երբ մենք քննարկում ենք քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը եւ ատելության խոսքը, մենք չենք քննարկում անհատական ես-ի խոցելիությունը: Մենք քննարկում ենք ժողովրդավարության խոցելիությունը: Զեկույցը շատ ճշգրիտ է նկարագրում. երբ քաղաքական գործիչը ենթարկվում է հարձակման իր հանրային դերի համար, ժողովրդավարությունը նույնպես ենթարկվում է հարձակման:

Հայաստանում մենք սա գիտենք ոչ թե տեսականորեն, այլ մեր փորձառությամբ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բռնի հարձակման ենթարկվեց պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ եւ ծանր վիրավորվեց: 2021 թվականի փետրվարին մեր խորհրդարանի առջեւ ընդդիմության հանրահավաքի ժամանակ բեմադրվեց «Չաուշեսկու մահապատիժը կամ մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում՝ մի գրոտեսկային քաղաքական ներկայացում, որը հանրային դիսկուրսն ավելի խորացրեց դեպի անմարդկայնացում: 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հիշատակի ժամանակ, վիրավորական վանկարկումներ հնչեցին ուղղված Աննա Հակոբյանին՝ ՀՀ վարչապետի կրտսեր դստեր ներկայությամբ, որն այդ ժամանակ ութ տարեկան էր: Սրանք մեկուսացված դրվագներ չեն: Դրանք նախազգուշական նշաններ են: Եվ սպառնալիքը փողոցում չի ավարտվում: Այն շարունակվում է առցանց՝ ամեն օր, անդադար:

Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, հանրային կյանքում կանայք հատկապես թիրախավորված են: Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ մատնանշում է կանանց նկատմամբ առցանց բռնությանն արձագանքելու զգալի իրավական ու ինստիտուցիոնալ բացերը եւ ընդգծում դրանց պատճառած սոցիալական վնասները՝ ներառյալ ինքնագրաքննությունը եւ հանրային մեկուսացումը:

Բռնությունն ու ատելության խոսքը թունավորում են ժողովրդավարությունը բազմաթիվ ձեւերով: Նախ, դրանք ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդներն այլեւս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ դիտվում են որպես թշնամիներ: Երկրորդ, ատելության խոսքը լռեցնում է ձայները: Երրորդ, եւ, թերեւս, ամենավտանգավորը, սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի եւ ատելության ասպարեզ է: Ի վերջո, երկարաժամկետ արդյունքը միայն ծայրահեղականությունը չէ, այլեւ ապատիան:

Ահա թե ինչու է այս զեկույցը կարեւոր: Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի:

Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ: Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930