Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև մայիսի 3-ը ԿԸՀ անդամները կուսումնասիրեն բոլոր կուսակցությունների ու դաշինքների հայտերը, դրանից հետո միայն կիրականացվի գրանցում»․ Սեդա Ղուկասյան

Ապրիլ 22,2026 16:10 Share

«Մինչ այս պահն ունենք երեք առաջադրում՝ ՔՊ-ն է ներկայացրել առաջադրման փաստաթղթեր, ԲՀԿ-ն և քիչ առաջ այստեղ էր Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»,- ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

Նշենք, որ այս պահին իրենց փաստաթղթերն են հանձնում «Դեմ եմ բոլորին» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակում 87 անուն կա. «Մեզ մոտ ցուցակի առաջին համարը ես եմ, բայց մեր մոտ առաջին համարը չի նշանակում վարչապետի թեկնածու, մենք առանձին վարչապետի թեկնածուի ընտրություն ենք անելու, ու այդ ժամանակ կարող է ուրիշ մարդ լինի։ Ապրիլի 25-ից սկսելու է պրոցեսը, մայիսի 1–ին արդեն վերջնական իմանալու ենք անունը։ Մենք վարչապետի թեկնածուի համար ունենք հատուկ պայման, ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն` հաղթելու դեպքում մեր վարչապետի թեկնածուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի»:

Նա հայտարարեց, որ եթե վարչապետի ընտրություն լինի Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր որևէ թեկնածու միջև, իրենք ոչ մեկին չեն ընտրի, քանի որ իրենք հանդես են գալիս սեփական թեկնածուով. «Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը, մեր վարչապետի թեկնածուով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Որևէ մեկին չենք պատրաստվում միանալ»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են ՔՊ–ի հետ համագործակցությունը, Սպարտակ Կյուրեղյանն արձագանքեց. «Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի թեկնածուն կլինի ու մենք մեր բոլոր պրոցեսները մենք կիրականացնենք, այսինքն` որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք»:

Սեդա Ղուկասյանը նաև հայտնեց՝ այսօրվա դրությամբ ունեն օգտահաշվի 23 դիմում կուսակցություններից և դաշինքներից․ «Այդ ցանկում միայն երկուսն են դաշինք։ Սա օգտահաշվի հայտն է։ Եթե կուսակցությունը կամ դաշինքը ցանկանում է մասնակցել ընտրությունների, պետք է պարտադիր դիմի ԿԸՀ-ին օգտահաշիվ ստանալու համար, որ հետագայում այդտեղ ներբեռնեն նաև իրենց ցուցակները։ Այս պահին մենք ունենք 23 հայտ, բայց արձանագրենք, որ դա ամենևին չի նշանակում, որ այդքան առաջադրում ենք ունենալու։ Օգտահաշվի դիմումը չի նշանակում դիմել առաջադրման համար։ Ե′վ օգտահաշվի, և′ առաջադրման փաստաթղթերը ներկայացնել կարող են մինչև ապրիլի 23-ը ժամը 18։00-ը»։

Սեդա Ղուկասյանն ասաց, որ մինչև մայիսի 3-ը ԿԸՀ անդամները կուսումնասիրեն բոլոր կուսակցությունների ու դաշինքների հայտերը, ներկայացված փաստաթղթերը։ Եթե որևէ խնդիր հայտնաբերվի, ԿԸՀ-ն իրավասու է դիմել տվյալ սուբյեկտին թերի տրամադրված փաստաթղթերի ներկայացման համար՝ 48 ժամվա ընթացքում։ Դրանից հետո միայն իրականացվում է գրանցումը։

Լրագրողները խնդրեցին հայտնել նաև, թե որն է անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար։ Սեդա Ղուկասյանը փաստեց․ «Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոս է, դաշինքների դեպքում, եթե դաշինքը բաղկացած է մինչև երեք կուսակցությունից, անցողիկ շեմը 8 տոկոս է, եթե 4 և ավելի կուսակցություններ են դաշինքի կազմում, անցողիկ շեմը դառնում է 10 տոկոս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930