ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Մասնավորապես՝ պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին, հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:
Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։
Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։
Կարդացեք նաև
Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե


















































