Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը Քիշնեւում մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Պատվիրակության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ելույթ է ունեցել կառույցի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում:
«Մեծարգո՛ պարոն համանախագահ,
Խորին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի հասցեին հնչեցրած Ձեր գնահատականների եւ մեր երկրի իրականացրած բարեփոխումների վերաբերյալ Ձեր դրական խոսքերի համար: Այդուհանդերձ, ցանկանում եմ այս քննարկմանը որոշակի նրբերանգներ հաղորդել:
Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե առկա է մի ընկալում, համաձայն որի՝ Հայաստանը պատրաստվում է պատերազմել որեւէ մեկի դեմ: Հարկ եմ համարում շեշտել՝ Հայաստանը պատերազմի մտադրություն չունի: Մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել ոչ թե աշխարհի որեւէ այլ կողմում նոր ռազմաճակատ բացելու, այլ բացառապես հենց խաղաղության համար: Մենք որդեգրել ենք հավասարակշռված քաղաքականություն, ինչը ենթադրում է նվազեցնել կախվածությունն այնտեղից, որտեղ այն չափազանց մեծ է, եւ համալրել այնտեղ, որտեղ առկա է պակասորդ: Սա է հավասարակշռման էությունը. այն ոչ թե ինչ-որ ուղղություն զրոյացնելու, իսկ մյուսն առավելագույնի հասցնելու մասին է, այլ սեփական պետական շահերին ծառայելու այնտեղ եւ այնպես, ինչպես առավել նպատակահարմար է պետության համար: Ահա սա է Հայաստանի գործելակերպը: Եվ եթե որոշ դեպքերում մեր քայլերը կարող են հեղափոխական թվալ, ապա այլ պարագայում Հայաստանը կարող է դիմել քաղաքական մեկ այլ ընտրության, որը կարող է առնչություն չունենալ նախորդի հետ:
Երկրորդ՝ անդրադառնալով մեր եվրոպական ձգտումներին եւ Եվրոպական միությանն անդամակցելու ցանկությանը՝ նշեմ, որ սա Հայաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական, այլ քաղաքական ընտրություն է: Մենք չենք ցանկանում, որ այս հարցը դիտարկվի աշխարհագրական տեսանկյունից եւ չենք ակնկալում, որ Եվրոպական միությունն «աշխարհաքաղաքական զեղչեր» կիրառի Հայաստանի նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որ Եվրոպական միությունը գնահատի եւ քննի մեր բարեփոխումների որակը:
Սա նաեւ զուտ քաղաքակրթական ընտրություն չէ, քանի որ այդ ընտրությունը մենք կատարել ենք դարեր, եթե ոչ հազարամյակներ առաջ՝ դեռեւս 1700 տարի առաջ ընդունելով քրիստոնեությունը կամ ավելի վաղ՝ Հռոմեական կայսրության հետ խաղաղության եւ բարեկամության դաշինք կնքելով: Հայաստանը եվրոպական ազգ է: Մեր եվրոպական ձգտումները նոր չեն. 21-րդ դարի սկզբին չէ, որ պետք է գիտակցենք մեր եվրոպական ուղին: Մենք այն ընտրել ենք վաղուց: Այդ ուղին պատմության ընթացքում բազմիցս ընդհատվել է, եւ այսօր մենք պարզապես վերահաստատում ենք մեր եվրոպական ընտրությունը, ինչը, սակայն, չի նշանակում այլ երկրների հետ հարաբերությունների խզում կամ զրոյացում: Նման քաղաքականություն ոչ ոք չի վարում. անգամ Եվրոպական միությունը չի զրոյացնում իր հարաբերություններն աշխարհի մյուս պետությունների եւ կազմակերպությունների հետ:
Բացի այդ, Դուք խոսեցիք ժողովրդավարական բարեփոխումների հետընթացի եւ դրանց անշրջելիության մասին: Իմ ասածը սերտորեն առնչվում է հենց այդ մտահոգությանը: Մենք չենք ցանկանում մեր ժողովրդին հավատացնել, թե նրանց բարեկեցությունն ու ապագան կախված են ընդամենը մեկ քվեարկությունից կամ մեկ գործողությունից: Երբ ինչ-ինչ պատճառներով փոփոխությունները չեն ընթանում այն արագությամբ, որը մենք խոստացել էինք, մարդիկ հուսահատվում են եւ հարցնում մեզ՝ ինչո՞ւ դա տեղի չունեցավ: Պատճառն այն է, որ մեկ քայլով հնարավոր չէ հասնել համապարփակ փոփոխությունների, որոնք պահանջում են հազարավոր օրենքների ընդունում եւ բարեփոխումների իրականացում: Սա է մեր նպատակը՝ ամրապնդել մեր ժողովրդավարությունն ու եվրոպական ուղին:
Ի վերջո, ինչպես ամիսներ առաջ Եվրոպական խորհրդարանում նշեց մեր վարչապետը, մենք ունենք երկու հեռանկար. կա՛մ կդառնանք Եվրոպական միության անդամ, ինչը հրաշալի է, կա՛մ եթե աշխարհաքաղաքական, տնտեսական կամ քաղաքական պատճառներով դա տեղի չունենա, մենք, միեւնույն է, կունենանք մի պետություն, որը լիովին համապատասխանում է եվրոպական նորմերին եւ չափանիշներին: Իսկ դա, վերջին հաշվով, մեծ ձեռքբերում է: Հետեւաբար, մեր ուղու վատթարագույն հնարավոր արդյունքը դեռեւս այդքան վատ չէ Հայաստանի համար: Մենք մտադիր ենք ընտրություն կատարել լավագույն եւ «երկրորդ լավագույն» տարբերակների միջեւ՝ բացառելով որեւէ անցանկալի ելքի հնարավորությունը:
Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը:

















































