Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ անհրաժեշտ է նաեւ վստահություն, հստակ կանոններ եւ ավելի սերտ կապեր ԵՄ-ի հետ. Տաթեւիկ Գասպարյան

Ապրիլ 23,2026 19:22 Share

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակությունը Քիշնեւում մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման ու Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Պատվարժա՛ն համանախագահներ,

Պատվարժա՛ն հյուրեր,

Սիրելի՛ գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է այս զեկույցը ներկայացնել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում՝ որպես համազեկուցող: Հարավային Կովկասի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման ռազմավարական նշանակությունը շատ ավելի լայն է, քան առանձին ազգային օրակարգերը: Խոսքը վերաբերում է ավելի դիմակայուն, կանխատեսելի եւ փոխկապակցված տարածաշրջանի ձեւավորմանը: Մենք բոլորս տեսել ենք, թե որքան արագ կարող են էներգետիկ համակարգերն ազդվել արտաքին ցնցումներից եւ գլոբալ զարգացումներից: Հետեւաբար, դիմակայունության ամրապնդումը, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը եւ «կանաչ անցման» առաջավորումը ոչ թե քաղաքական ընտրություններ են, այլ՝ անհրաժեշտություն: Այս համատեքստում, հաշվի առնելով Հարավային Կովկասում խաղաղության վերջին զարգացումները, կարծում եմ, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ունեն շատ բան առաջարկելու: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության պայմանագիրը ստեղծում է համագործակցության նոր հնարավորություններ եւ իրական հույս է ներշնչում ավելի կայուն ու փոխկապակցված տարածաշրջանի համար:

Այս առումով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագիծը կարող է դառնալ ոչ միայն հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցության լրացուցիչ հարթակ, այլեւ արեւելքից արեւմուտք տարանցիկ ուղի՝ Կենտրոնական Արեւելքը Եվրոպային կապելու հնարավորությամբ:

Ավելի սերտ համագործակցելով Եվրոպական միության հետ՝ մեր տարածաշրջանն ունի իրական ներուժ դառնալու կարեւոր կամուրջ միջազգային դերակատարների համար՝ բացելով նոր հնարավորություններ կապակցվածության, առեւտրի, էներգետիկ համագործակցության եւ տնտեսական դիվերսիֆիկացման ոլորտներում: Հայաստանի համար սա սերտորեն կապված է մեր տեսլականի հետ՝ դառնալու տարանցիկ հանգույց եւ խաղաղության իրական խաչմերուկ: Եվ սա պարզապես գաղափար չէ. մենք արդեն տեսնում ենք խրախուսիչ եւ խոստումնալից զարգացումներ ու կարող ենք մատնանշել գործնական օրինակներ:

Օրինակ՝ Ղազախստանից Հայաստան սննդային ցորենի տարանցումն Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից երկաթուղով: Վրաստանի միջոցով ուղարկված վառելիքի մի շարք խմբաքանակներ ցույց են տալիս, որ համագործակցությունն արդեն իրականություն է եւ կարող է ապահովել շոշափելի, գործնական արդյունքներ: Հետեւաբար, ԹՐԻՓՓ նախագիծը կարելի է իրավացիորեն անվանել մեգատարածաշրջանային ենթակառուցվածքային նախագիծ՝ ուղղված տարածաշրջանային ապաշրջափակմանը, բարգավաճմանը եւ միջազգային տարանցիկ հանգույցի ձեւավորմանը:

Այն, ինչի մասին այսօր խոսում եմ, անկեղծ ասած, անհնար էր պատկերացնել երեք տարի առաջ, նույնիսկ երկու տարի առաջ, եւ դեռ դժվար էր պատկերացնել ընդամենը մեկ տարի առաջ: Սակայն, մեծ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ խաղաղությունն արդեն իսկ փաստ է Հարավային Կովկասում՝ տեսանելի, շոշափելի արդյունքներով եւ դրանից բխող բոլոր դրական հնարավորություններով: Նույն տրամաբանությամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կարող է իսկապես փոխել ամբողջ տարածաշրջանի դինամիկան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական ինտեգրման եւ կապակցվածության համար:

Սիրելի՛ գործընկերներ, այս զեկույցը հստակ ցույց է տալիս, որ մեզ անհրաժեշտ է նաեւ վստահություն, հստակ կանոններ եւ ավելի սերտ կապեր Եվրոպական միության հետ: Իրավական մոտարկումը կարող է տեխնիկական հնչել, սակայն իրականում այն նշանակում է ստեղծել կանխատեսելի միջավայր, որտեղ համագործակցությունը կարող է զարգանալ, եւ նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ: Եվ, վերջապես, «կանաչ անցումը»՝ ներառյալ ջրածինը եւ վերականգնվող էներգիան, վերաբերում են ոչ միայն կլիմային: Դրանք վերաբերում են մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ, ավելի անկախ եւ ավելի անվտանգ տնտեսությունների կառուցմանը:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանն ունի ոչ միայն փոփոխություններին հարմարվելու, այլեւ դրանք ձեւավորելու եւ տրանսպորտային ու համագործակցության հանգույց դառնալու ներուժ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- եզրափակել է պատգամավորը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930