ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը լրագրողների հետ Ծիծեռնակաբերդում:
– Պարոն Սարգսյան, կանդրադառնա՞ք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, ուղերձին և երեկվա դատապարտմանը, որ դրոշ այրելը սադրանք է, ու մենք չպետք է գնանք այդ ճանապարհով։
– Բայց ակնհայտ է, չէ՞, իմ ասելիքը։ Ի՞նչ մեկնաբանություն եք ուզում, որ անեմ։
– Տարիներ շարունակ Դաշնակցությունն այրել է Թուրքիայի դրոշն ու ջահերով երթ իրականացրել։
– Հա, ի՞նչ է եղել, որ։
– Պարոն նախագահ, ինչո՞ւ իշխանությունները չեն վիրավորվում Արցախում խոնարհված, քանդված եկեղեցիների իրողությունից, բայց հանկարծ վիրավորվում են, որ այստեղ դրոշ է այրվում։
– Իրենց քաղաքականությունն է, ախր, դա նորություն չի, չէ՞։ Երկու-երեք օր առաջ էր, չէ՞, Ձեր հարցին, թե ինչ-որ միջոցներ, ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ն՝ կապված Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հետ, ես ասացի՝ ոչ։ Ակնհայտ բաներ են։
– Այսինքն՝ իսպառ մոռացությա՞ն է տալիս ամեն ինչ, թե՞ ուզում է ճանաչման հարցը փակել, Արցախի հետ կապված ամեն ինչ մոռացության տալ, նույնիսկ՝ մեր պատմամշակութային արժեքները։
– Ոչ ոք չի կարող մոռացության տալ, ոչ ոք՝ բառիս բուն իմաստով եմ ասում։ Որ իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, նորից եմ կրկնում՝ ոչ ոք չի կարող մոռացության տալ։
– Պարոն նախագահ, Ձեր հրաժարականի նախօրեին Դուք կոչ էիք հղել՝ ասել, որ հայը հայի դեմ չպիտի դուրս գա, և սուրբ օր է մեզ համար այս օրը։ Այսօր էլ ե՞ք այդ տեսակետին։
– Հա, իհարկե։ Այսօր բոլորովին այլ օր է։ Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել, ոչ թե սովորական, առօրեական օր։
– Պարոն Սարգսյան, ի դեպ, Ձեր երեկվա տեքստը շատ ուշագրավ էր։ Ո՞վ է խմբագրել Ձեր տեքստը, որ ասում էիք՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Ո՞վ է խմբագրել, ո՞վ է մանիպուլացնում, ի՞նչ են ուզում դրանով ասել։
– Եթե ես ուզենայի կոնկրետ նշել, կոնկրետ կնշեի։
– Ութ տարի անցել է։
– Դա ինչ կապ ունի։
– Ութ տարի անց դեռ այդ հարցերում խորհրդավորություն կա՝ Ձեր խոսքում, մնացած իրադարձություններում։ Այդպես էլ չենք հասկանում՝ ինչպե՞ս եղավ, որ այդպես եղավ, այդ ի՞նչ տեքստ էր, այդ ո՞վ է ինչ շահարկում։
– Ոչ մեկը ոչինչ չի շահարկում։
– Պարոն Կարապետյանի՞ն էր ուղղված ակնարկը։
– Ո՛չ։
– Ամեն դեպքում Ձեր «ոխերիմ» ընկերները շարունակում են Ձեզ թիկունքից հարվածել։ Ձեզ համար ի՞նչ է սա։ Երեկ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ «իմ սխալն էր իմ փոխարինողին ընտրելը», այսինքն՝ Ձեզ նկատի ուներ, որ սխալ էր իշխանությունը Ձեզ փոխանցելը, որպես նախագահ։
– Եթե Ձեզ համար նորություն էր, ինձ համար դա նորություն չէր։ Գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէր։
– Ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու ձեր երկուսի միջև այս հակադարձությունը, այս հակամարտությունը։ Դրանից չե՞ք կարծում, որ միայն իշխանությունն է շահում։
– Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, հակադարձություն։ Մենք դրա կողմնակիցը չենք։
– Բայց Ձեր փեսան կողմնակից է։ Ձեր փեսայի կողմից ակտիվություն ենք նկատում։ Վերջին օրերին Միքայել Մինասյանը նորից ակտիվացել է, ընդդեմ Քոչարյանի գրառումներ է կատարում, նրա թիմը, նրա մտերիմները՝ նույնպես։ Ձերոնք պասիվ են։
– Դուք վստահաբար շփոթում եք հերթականությունը, պատճառն ու հետևանքները։ Եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք…
– Պարոն Սարգսյան, երեկ լրացավ Ձեր հրաժարականի ութ տարին։ Այդ ութ տարիների ընթացքում Ձեր կարծիքով ներկայիս իշխանություններն ի՞նչ գործողություններ են արել, որոնք կնպաստեին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
– Ընդհակառակը, ամեն ինչ արել են, որ այդպիսի բան չլինի։
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ որևէ գործողություն հետագայում կարվի՞։
– Այո, իշխանափոխությունից հետո, ես վստահ եմ, որ կարվի։
– Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, և Թուրքիան շարունակաբար չի ճանաչում ցեղասպանությունը։ Արդյո՞ք Արցախի հայաթափումն ու բռնի զավթումը կապում եք իրենց այդ քաղաքականության հետ՝ չդատապարտելու և չճանաչելու։
– Իրենց նպատակն է միշտ եղել, ու այդ նպատակն այսօր էլ առօրեական է։ Մեկը մյուսի շարունակությունն է։ Այդտեղ կասկած չկա։
– Պարոն Սարգսյան, Ձեր հայտարարության մեջ «ոխերիմ» ընկերոջ մասին կար գրված, որը հարցեր է առաջացրել։ Ո՞ւմ էր ուղղված տեքստի այդ հատվածը։ «Ոխերիմ» ընկեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։ Եվ տեքստի խմբագրման հատվածը, որ մանիպուլացվել է։
– Դուք, կարծեմ թե, լավ չեք ընթերցել իմ հայտարարությունը։
– Ամեն դեպքում, այդ հատվածն ո՞ւմ է ուղղված։ «Ոխերիմ» ընկերներ…
– Ընկերներ, այո, տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչ չարեցին։
– Իսկ ի՞նչ պետք է անեին, որ չարեցին։ Եվ անուններ չե՞ք ուզում նշել։
– Իհարկե, ո՛չ։
– Պարոն նախագահ, Արարատ լեռան ֆոնին եք նկարվում։ Այսօր իշխանություններն ասում են, որ սա էլ է վտանգավոր խոսույթ, և վտանգավոր է հիշատակելը։
– Իրենց համար, գուցե, վտանգավոր է։ Մեզ համար՝ ոչ։ Ընդհակառակը, մեզ համար պատիվ է։


















































