«Ցանկացած գործիք և ցանկացած մեխանիզմ պետք է օգտագործել այս իշխանություններից ազատվելու և երկիրը ռիսկերից հանելու համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ընտրությունները միակ ճանապարհը չէր, կան այլ ճանապարհներ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի այն բոլոր սպառնալիքները, որոնց մասին խոսել ենք՝ անկլավներ, նոր Սահմանադրություն, ադրբեջանցիների վերաբնակեցում և այլն, չլինեն, պետք է օգտագործվեն բոլոր սահմանադրական ճանապարհները դրանք կանխելու համար։ Հետևաբար, այս առումով ընդդիմությունը, իհարկե, անելիք ունի։ Բայց ասել՝ մենք ժողովրդավարական երկիր չենք, եկեք ընդհանրապես մերժենք բոլոր ժողովրդավարական գործընթացները, չմասնակցենք ընտրություններին, փորձենք հորինել նոր հեծանիվ և այլն, այդպես չի լինում։ Սա քայլերից և փուլերից մեկն է, որը պետք է դիտարկել»,- կարծում է Էլինար Վարդանյանը։
Թե ի՞նչ քայլեր են պետք՝ դեռ քննարկում են։ Մինչև պաշտոնական արդյունքների ավարտը, հավանաբար, հստակ կլինի հետագա անելիքը. «Անճշտությունների ճշգրտման հետ կապված հստակ ժամկետներ նախատեսված չեն, և դրանք պետք է իրականացվեն այնքան արագ, որքան հնարավոր է։ Այսինքն՝ ոչ թե անճշտությունները թողնեն, մի շաբաթ հետո կքննարկեն և այլն, ո՛չ։ Անճշտությունները պետք է ճշգրտվեն՝ հնարավորինս արագ։ Վերահաշվարկների համար կան սահմանված ժամկետներ՝ այսօր մինչև ժամը 18։00-ն և վաղը մինչև 12։00-ն դիմումներ ներկայացնելու և այնուհետև Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներում վերահաշվարկներ իրականացնելու։ Հետևաբար, այս գործընթացները կընթանան Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետների շրջանակներում, դրանից հետո, բնականաբար, մենք կորոշենք մեր քայլերի հաջորդականությունը»։
Նա կարևոր է համարում, որ ընդդիմադիր դաշտը պայքարի մեկ նպատակ և մեկ ճակատ ունենա. «Եթե դուք կարծում եք, որ ես այն մարդկանցից եմ, ով մանդատի համար կարող է ափսոսալ կամ մանդատի համար կարող է կռիվ տալ, ուրեմն, ինձ լավ չեք ճանաչում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































