Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։
Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։
Կարդացեք նաև
Նախագահի ուղերձի ամբողջական տեքստը.
Պարոն Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։
Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։
Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ։
Մասուդ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ
Իրանում ՀՀ դեսպանություն


















































