Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների ավարտը ոչ թե վերջակետ է, այլ դիրքային ու համակարգված պայքարի մեկնարկ. Գենադի Մնացականյան

Հունիս 08,2026 20:55 Share

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չբերեցին հայ հանրության կողմից այդքան սպասված արմատական ու կտրուկ իշխանափոխությունը։ Իշխող վարչախումբը, ստանալով ձայների շուրջ 49,8 տոկոսը, պահպանեց պետական լծակները։

Սակայն եթե օբյեկտիվորեն գնահատենք, ապա սա ընդդիմության պարտություն չէ, այլ երկարատև ռազմավարական պայքարի նոր փուլի սկիզբը։ Ստեղծվել է ուժերի նոր հավասարակշռություն, որը պահանջում է խորքային և արժեքային վերաիմաստավորում։ Անհրաժեշտ է հրաժարվել դեպի հուսահատության թակարդը տանող ճանապարհով քայլելուց։

Քրիստոնեական պատմությունը հարուստ է Սուրբերի վարքերով, որոնք ամենահուսահատ պահին անգամ նոր լույսով են ողողում պայքարող տեսակի միտքը։ Ներկա իրավիճակը, ըստ իս, շատ տեղին է համեմատել համաքրիստոնեական Սուրբ Վարվառայի վարքի հետ։ Փորձեմ կատարել այդ անշնորհակալ գործը։ Սուրբ Վարվառան իր հեթանոս հոր կողմից փակված էր բարձր ու մութ աշտարակում, որպեսզի կտրված լինի արտաքին աշխարհից ու քրիստոնեական ճշմարտությունից։ Այսօրվա գործող վարչախումբը նույնպես փորձում է արհեստական աշտարակներ կառուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց Կաթողիկոսի շուրջ՝ սանձազերծելով բացահայտ հակաեկեղեցական արշավ։

Ընտրությունների հրապարակված արդյունքները առաջին տպավորությամբ նման են այդ աշտարակի անառիկ թվացող հաստ պատերին։ Թվում է, թե հանրային ընդվզումը սեղմվել է պարտության ճգնաժամի մեջ։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ հենց այդպիսի մեկուսացման ու անազատության պահերին է ծնվում աստվածային մեծ տեսլականը։ Սուրբ Վարվառան հակառակ հոր կամքի, աշտարակի պատին բացեց երեք պատուհան, որոնք ներս էին թողնում Սուրբ Երրորդության կենսատու լույսը։ Հետընտրական այս նոր իրողության մեջ հայ ազգային ուժերը նույնպես պարտավոր են բացել իրենց երեք ռազմավարական պատուհանները։

Առաջին պատուհանը անսասան հավատքն ու հավատարմությունն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ։ Երկրորդ պատուհանը մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հայ մատենագրության և արժեքների անզիջում պահպանումն է։ Երրորդ պատուհանը գործնական հավատքի դրսևորումն է անմիջապես «գետնի վրա»՝ կրթական օջախներում, համայքներում, լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։

Վարքի համաձայն հեթանոս հայրը կարծում էր, թե հասավ կատարյալ հաղթանակի և անձամբ գլխատեց սեփական դստերը, սակայն նույն պահին նա պատժվեց երկնային հզոր կայծակով։

Այսօրվա հակաեկեղեցական ուժերը նույնպես շտապում են տոնել իրենց թվացյալ հաղթանակը, բայց իրականում նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով՝ վերջնականապես կորցնելով սահմանադրական բացարձակ մեծամասնությունը։ Նրանց կամայականությունների շրջանը սահմանափակված է։ Աշտարակի պատերը անզոր էին հանգցնել Սուրբ Վարվառայի ներքին հոգևոր լույսը, ինչպես բանտի պատերն էին անզոր մարելու բանտված սրբազան հայրերի ու մյուս քաղբանտարկյալների պայքարի լույսը։

Հունիսի 7-ի ընտրությունների ավարտը ոչ թե վերջակետ է, այլ դիրքային ու համակարգված պայքարի մեկնարկ։ Ազգային ուժերի շարքերում չպետք է ծվարի հուսահատությունը, վախն ու վհատությունը։ Անհրաժեշտ է գիտակցել, որ պայքարը տեղափոխվել է ավելի խորքային, արժեքային հարթություն, որտեղ հայ հոգու տոկունությունը միշտ հաղթելու է։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930