Լրահոս
Օրվա լրահոսը

Ավո Ադամյանը ԱՄՆ-ում նկարահանվել է հուզառատ ֆիլմում՝  8-ամյա խաղընկերոջ հետ

Ապրիլ 26,2026 11:33 Share

Սիրված եւ պահանջված դերասան, երգիչ, շոումեն Ավո Ադամյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում էր նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ խոսքը երկմասանոց  մելոդրամայի մասին է: «Ֆիլմի առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Գոհար Ավետիսյանից, սցենարի հեղինակը Անուշ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Վահե Մարգարյանը: Ֆիլմը պատմում է ամուրի տղամարդու մասին, որը ճակատագրի բերումով միայնակ է մեծացնում 8 տարեկան դստերը»,- տեղեկացրեց Ավոն:

Հարցին՝ հատկապես ի՞նչն է գրավել իրեն այդ ֆիլմում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր մարմնավորած հերոսն իրեն շատ է տպավորել. «Կերպարը ոչ միայն ասելիք ունի, այլեւ ինձ նման է հախուռն հուզականությամբ, ներաշխարհով: Հերոսիս համար երեխան առաջնային տեղում է, հետո նոր՝ իր կյանքն է։ Շատ հուզիչ պատմություն է՝ սիրելիի մահից հետո նա միայնակ է մեծացնում սիրասուն դստերը»:

Հարցին՝ փաստորեն իր հիմնական խաղընկերը երեխա էր, արդյոք դժվա՞ր չէր նկարահանվել երեխայի հետ, մի շարք ֆիլմերում «թրծված» եւ այդ առումով հարուստ փորձառություն ունեցող Ավո Ադամյանն այսպես արձագանքեց. «Այո, իմ  հիմնական խաղընկերը 8 տարեկան երեխա էր: Չնայած տարիքին՝ նրան բնորոշ էր պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ համապատասխան մասնագիտական դպրոց էր հաճախում, ուներ նկարահանման փորձ։ Առաջին օրը, երբ նրան ասացին՝ գրկիր հայրիկիդ, երեխան լաց եղավ, մտածեց՝ ես իր իրական հայրն եմ լինելու: Այնուհետեւ մայրը զանգեց հորը, խոսեցին, հետո արդեն լավ ընկերներ դարձանք։ Նկարահանումների ավարտին նա այնքան  հուզված էր, որ ասաց, թե կուզենար՝ իր քեռին լինեմ: Այժմ մենք լավ ընկերներ ենք, շփվում ենք, հաճախ խոսում ենք հեռախոսով, կապվել ենք միմյանց հետ: Կինոն արվեստի ամենաազդեցիկ տեսակներից  է՝ ոչ միայն հանդիսատեսի հույզերի վրա ներազդելու, այլեւ դերասանների՝  նոր բարեկամներ ձեռք բերելու առումով»:

Քանի որ ցանկացած ֆիլմի կայացման համար անչափ կարեւոր է դերասանի ու պրոդյուսերի ներդաշնակ համագործակցությունը, Ավոյից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատել ֆիլմի պրոդյուսեր Գոհար Ավետիսյանի հետ։

«Գոհարը հիանալի գործընկեր եւ պրոդյուսեր է, որը գիտի, թե ինչպես պետք է որակյալ ֆիլմ ստեղծել: Մենք դարձել ենք կուռ թիմ։ Գոհարը վստահում է ինձ, ես՝ իրեն։ Ու երբ  զանգում եւ ասում է, որ ֆիլմի գաղափար ունի, ես այլեւս հարցեր չեմ տալիս, քանի որ համոզված եմ, թե ինչ նոր ու հետաքրքիր նախագիծ է կյանքի կոչվելու: Ի դեպ, մեր նախորդ  համագործակցությունը  եւս մեծ  հաջողություն է  բերել թե ինձ, թե Գոհարին: Այնպես որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ես ու Գոհարն առաջ ենք գնում։ Մեր ֆիլմը կոչվում է «Քո  սիրուց հետո»: Այն նման օրիգինալ վերնագիր ունի, ուղղակի առայժմ շատ փակագծեր չեմ ուզում բացել, միայն կասեմ, որ շատ խորը դրամա է, պատմություն, որ կհուզի յուրաքանչյուրին»,-նշեց  Ավոն:

Մեր հարցին՝ երբ սպասենք ֆիլմի առաջնախաղին, նա մանրամասնեց, որ նկարահանումներն ավարտված են, այժմ ֆիլմի մոնտաժային փուլն է, իսկ առաջիկա օրերին էլ կլինի անոնսը:

Ավոյից հետաքրքրվեցինք, թե որն է ֆիլմի ուղերձը, եւ ինչ կտա այն հանդիսատեսին: «Ֆիլմն անմնացորդ սիրո  մասին է, հանդիսատեսը կստանա սեր ու  դիտումից հետո իր հետ կտանի շատ սեր: Այս  ֆիլմը սովորեցնում է սիրել, սիրել անսահման, անպարագիծ եւ ամենակրեւորը՝ առանց պատճառի… Ֆիլմ այն մասին է,  ինչի մասին  երազում են բոլորը՝ այսինքն լինել սիրված ու գնահատված»,-նշեց Ավո Ադամյանը:

Լինելով բազմազբաղ եւ ինքն իր հանդեպ բավականին բծախնդիր, մեր զրուցակիցը նաեւ կարողանում է ժամանակ գտնել եւ համերգներ ունենալ  տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների առաջ: Նրանից ճշտեցինք, որ գարնանային համերգներ է ունեցել մասնավորապես ՌԴ-ի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Հայաստանյան ունկնդիրը եւս անտեսված չէ: Անցյալ տարի ամռանը Ավո Ադամյանը  նաեւ մեծ ու շքեղ մենահամերգ է ունեցել Աշտարակի հրապարակում, որտեղ նրան 15000 հանդիսատես է ունկնդրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930