Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար-մարտ ամիսներին լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 30 դեպք է արձանագրվել. ԽԱՊԿ

Ապրիլ 27,2026 15:41 Share

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակային զեկույցի մասին

2026թ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնության, 22-ը տարատեսակ ճնշումների դեպքեր են, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։

Դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական հայցերի հոսքի ինտենսիվությունը․ հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է այդպիսի 14 նոր հայց՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով: Դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից են, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։

Եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։

Նախկինում՝ 2022 թվականից ի վեր, գրանցված ֆիզիկական բռնությունների դեպքերից 9-ով հարուցված քրեական գործերը հանգուցալուծման չեն հասել։ ՀՀ դատախազությունը ԽԱՊԿ-ի պարբերական հարցումներին ի պատասխան հայտնում է, որ այդ բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։

Դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը։ Արձանագրվել է 7 այդպիսի դեպք։ Հիմնական խնդիրը կապված է պետական մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցումներին պատասխանելու համար սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն նույն օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետից օգտվելու չարաշահման հետ, ինչը խոչընդոտում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը։ Շարունակում են հանդիպել դեպքեր, երբ հանրային կառույցների տրամադրած պատասխանները «լղոզված» են, չեն համապատասխանում հղված հարցերի էությանը․ այդպիսի դեպքերի թիվը 2-ն է, որոնցից 1-ում՝ նաև օրենքով սահմանված ժամկետն է խախտվել։ Եվս 3 դեպքում հայցվող տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է, իսկ 2 հարցում ընդհանրապես մնացել է անպատասխան։
Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ս․ թ․  մարտի 19-ին հրապարակված զեկույցի՝ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ-ն ազատ երկրների շարքում է՝ 100-ից 72 միավորով։

Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։ Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։ Մի շարք դեպքերում լրագրողներն անտեսել են մասնագիտական էթիկայի նորմերը և տուրք տվել քաղաքական հովանավորների շահերին, իսկ պաշտոնատար անձինք ակնհայտորեն խախտել են հանրային ծառայողի բարեվարքության սկզբունքները։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930