Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես»-ը տեղեկություններ է ստացել Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից ՔՊ-ի օգտին քաղաքական ուղղորդումների վերաբերյալ

Ապրիլ 27,2026 17:50 Share

Ականատեսի օրագիր N 8

Պետական պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի և հովանավորչության ենթադրյալ կիրառման վերաբերյալ

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվող ոչ ֆորմալ հանդիպումների և քաղաքական ուղղորդումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հատկանիշներ։

Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։

Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք։

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է հաղորդում իրավասու մարմիններին՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ և պարզել դեպքի հանգամանքներն ու պատշաճ գնահատական տալ ենթադրյալ հանցավոր արարք(ներ)ը կատարած անձի/անձանց գործողություններին։

Հիշեցնում ենք, որ ընտրական գործընթացների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հովանավորչության խոստումները կամ ծառայողական կախվածության օգտագործումը քաղաքական նպատակներով կարող են հանգեցնել ինչպե՛ս կարգապահական, այնպե՛ս էլ քրեական պատասխանատվության։

«Ականատես» դիտորդական առաքելության նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930