Հայաստանյան «Պրիմավերա Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը (համահիմնադիր և գործադիր տնօրեն՝ Ելենա Յակովլևա) արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է իր կրթամշակութային առանցքային նախագծերից մեկը՝ պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Կամերային երաժշտության դպրոցը»։ Այս տարի նախագիծը նշանավորվում է նոր աշխարհագրությամբ և մասնագիտական կարևոր նվիրատվությամբ։
Aravot.am-ի հետ զրույցում Ելենա Յակովլևան ասաց, որ այս տարվա գլխավոր նորամուծությունն այն է, որ նախագիծն առաջին անգամ մուտք է գործում Սյունիքի մարզ։ Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Կապանում կազմակերպվող դասընթացները նպատակ ունեն աջակցելու մարզային երաժշտական կրթության զարգացմանը և տեղի պատանի երաժիշտներին հաղորդակից դարձնելու անսամբլային արվեստի նրբություններին։ Մայիսի 2-ին կկայանա վարպետության դասերի եզրափակիչ գալա համերգը, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հմտությունները։
Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Կապանի արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շնորհիվ, որտեղ էլ տեղի կունենան վարպետության դասերը և գալա համերգը։ Մասնակիցներից մեկ լավագույն երաժիշտ և մեկ անսամբլ հնարավորություն կստանան Երևանում պրոֆեսոր Կրասոտինայի հետ շարունակելու իրենց վարպետության դասերը, որոնք ավանդաբար տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ մայիսի 5–8-ը, իսկ գալա համերգը՝ մայիսի 9-ին։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե փաստորեն կամերային անսամբլների կազմում կլինեն նաև մարզաբնակ երաժիշտներ, տիկին Յակովլևան պատասխանեց․ «Այս տարվա «Կամերային երաժշտության դպրոց»-ի շրջանակում ձևավորված անսամբլները միավորում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և վերջինիս Գյումրու մասնաճյուղի, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի, Կապանի արվեստի պետական քոլեջի, ինչպես նաև Գրացի արվեստի համալսարանի (Ավստրիա) սաներին ու շրջանավարտներին»։
Հետաքրքրությանն ի պատասխան, թե ի՞նչ գործիքներ են ներգրավված անսամբլներում և ո՞ր կոմպոզիտորներն են ներկայացված, մեր զրուցակիցը պարզաբանեց․ «Ծրագիրն աչքի է ընկնում ինչպես գործիքների համադրության, այնպես էլ ստեղծագործությունների բազմազանությամբ․ անսամբլներում ընդգրկված են ֆլեյտա, կլարնետ, ջութակ, թավջութակ, կիթառ և դաշնամուր նվագող երաժիշտներ, որոնք կներկայացնեն Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Սեն-Սանսի, Պուլենկի, Դյուպլեսիի, Պիացցոլլայի, Գրանադոսի, Առնո Բաբաջանյանի և Գագիկ Հովունցի ստեղծագործությունները»։
Մեզ հասած տեղեկությունը, թե հիմնադրամն այս անգամ անակնկալ է պատրաստել մանկավարժներին, հաստատեց տիկին Յակովլևան․ «Այո։ Կրթական բաղադրիչն էլ ավելի ամրապնդելու նպատակով հիմնադրամը հատուկ նվեր է պատրաստել Սյունիքի մանկավարժների համար։ Կապանի երաժշտական դպրոցների ուսուցիչներին կնվիրաբերվի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը հիմնադրամի նախաձեռնությամբ 2025 թ․-ին թարգմանվել է հայերեն և հրատարակվել։ Մեծ հաշվով, մեր նպատակն է կայուն կրթամշակութային կամուրջներ ստեղծել Երևանի և մարզերի միջև։ Կապանում իրականացվող դասընթացները և մասնագիտական գրականության տրամադրումը հերթական քայլերն են՝ ի նպաստ հայաստանյան երաժշտական ժառանգության և կատարողական արվեստի ավանդույթների պահպանման և զարգացման»։
Հավելեց նաև, թե դասընթացները վարում է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինան, որը հանդիսանում է «Պրիմավերա Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավարը։
Վերոգրյալից ելնելով՝ կարող ենք հստակ եզրակացնել, որ «Կամերային երաժշտության դպրոցը» հարթակ է, որտեղ երիտասարդ կատարողները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց հմտությունները փորձառու մասնագետի ղեկավարությամբ՝ կենտրոնանալով անսամբլային նվագակցության և համատեղ ստեղծագործական աշխատանքի վրա։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ



















































