Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ կայացած Մոսկվա – Մինսկ – Աստանա- Բիշքեկ- Երևան տեսակամուրջի ժամանակ, որի խորագիրն էր «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» , Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն նշել է, որ Իրանից Հայաստանի համար լուրջ համաճարակաբանական ռիսկեր չեն սպասվում, իսկ Իրանն այն երկրների թվին չի դասվում, որոնք վտանգավոր վարակիչ բռնկումների աղբյուր կարող են լինել։
Պատասխանելով Բուշերի ատոմակայանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հարվածների պարագայում հնարավոր ճառագայթային ռիսկերի վերաբերյալ հարցին, գիտնականը նշեց, որ հզոր հրթիռների միջոցով ռեակտորների ոչնչացման դեպքում հետևանքները կարող են համարժեք լինել Չեռնոբիլի ատոմակայանի աղետին:
Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում մտահոգություն էր հայտնել, որ Իրանի միակ գործող ատոմակայանի վրա հարձակումները կարող են հանգեցնել գործող ռեակտորից ռադիոակտիվ նյութի արտանետման, ինչը կարող է «անշրջելի հետևանքներ» ունենալ մարդկանց, շրջակա միջավայրի և հարևան երկրների համար։
Հեռուստակամուրջի ժամանակ ի թիվս այլնի՝ անդրադառնալով Ռուսաստանում Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքի կասեցմանը, Գենադի Օնիշչենկոն նշեց, որ նման միջադեպեր հաճախ են լինում, պատահում է, որ ոչ թե ամբողջ խմբաքանակը, այլ դրա որոշակի մասն է շրջանառությունից հանվում: «Ջերմուկի» պարագայում կարող է շշալցման տեխնոլոգիան խախտված լինել, եւ շշերի մեջ ավելացվել «Ջերմուկին» ոչ բնորոշ նյութեր, բայց ընդհանուր առմամբ, այս հանքային ջուրը հասանելի է ռուսական շուկայում»,-նշել է նա։ Օնիշչենկոն համոզված է, որ «Ջերմուկի» առանձին խմբաքանակի վաճառքի կասեցումը չի կարող լուրջ խնդիր լինել հայ արտադրողի համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի


















































