Առցանց կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելի քան 35 անգամ: Եթե 2017-ին օնլայն կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0,2 տրիլիոն դրամ, ապա 2025-ին խաղադրույքների ծավալները հասել են 7,4 տրիլիոն դրամի: Այս տվյալներն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Օնլայն կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար: 100 հազարավոր քաղաքացիներ վատնում են իրենց ֆինանսական միջոցները՝ 24 ժամյա հասանելիություն ունենալով օնլայն կազինոներից: Չեն կարողանում ազատվել այդ կախվածությունից ու ամեն օր վատնում են կենսաթոշակը, նպաստը ու աշխատավարձը, կուտակում վարկեր ու պարտքեր»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խաղամոլությունը քաղաքացիներին հասցնում է նաեւ որոշ դեպքերում ինքնասպանությունների, գողության, ամուսնալուծությունների եւ այլ դժբախտ հետեւանքների:
Սարգսյանը որպես լուծում առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել՝ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում տեսանելի վայրում ունենան ինքնարգելափակման կոճակ։
Կարդացեք նաև
«Ինքնարգելափակման կոճակին սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության։ Ընդ որում, հինգ տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ, անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին եւ կկասեցվի նրա մասնակցությունը նաև մյուս խաղային օնլայն կազինոներում եւ հարթակներում»,-ներկայացրեց Սարգսյանը:
Իսկ որեւէ տեսակի նպաստի շահառու համարվող անձանց համար, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, Սարգսյանը այլ առաջարկ ներկայացրեց.
«Առաջարկում եմ՝ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, որոնք գտնվում են սնանկության վարույթում, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որեւէ ծրագրից։
Առաջարկում եմ քաղաքացիների կողմից խաղերի մասնակցության թույլատրելի չափ սահմանել յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20%-ը։ Սա թույլ կտա նվազեցնել անհամ եւ ընտանեկան բյուջեի կործանման հավանականությունը։ Եթե խաղային մասնակցությունը անջատված է անձի իրական ֆինանսական կարողությունից, ապա խաղը դառնում է ինքնակործանման մեխանիզմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































