Հայաստանն ու Վրաստանը համատեղ կընդունեն ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների 2029 թ. աշխարհի առաջնությունը, ինչը պատմական ու աննախադեպ ձեռքբերում է մեր երկրի համար։ Այս տեղեկությունն այսօր առավոտյան ՖԻՖԱ-ն հրապարակել էր սոցցանցերի իր պաշտոնական հարթակներում, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էր իրազեկել:
Ըստ մեր տեղեկությունների, այս գործընթացը երկարատեւ աշխատանքի արդյունք էր, ի թիվս այլնի՝ նաեւ պայմանավորված էր միջազգային ֆուտբոլային կառույցների հետ Հայաստանի կողմից տարվող հետևողական աշխատանքով: Ի դեպ, մրցաշարի կազմակերպման իրավունքի համար պայքարել են Ճապոնիան, Պերուն, Բելառուսը եւ Ինդոնեզիան։ Այնպես որ, նման մրցաշարի անցկացումը ոչ միայն սպորտային ձեռքբերում է, այլեւ ցույց է տալիս մեր տարածաշրջանի նկատմամբ մոտեցումը, որը, բնականաբար, ունի նաեւ քաղաքական ենթատեքստ:
Հատկանշական է նաև, որ որոշ երկրներ նման մրցաշարեր ընդունելու համար սովորաբար գնում են խոշոր ֆինանսական պարտավորությունների։ Օրինակ, Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել 2027 թ. մրցաշարն անցկացնելու համար, մինչդեռ հայկական կողմը արդյունքի է հասել՝ շեշտը դնելով քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունների վրա:
Հավելենք, որ ՀՖՖ-ն պաշտոնապես հայտնել է, որ քննարկվում են ենթակառուցվածքային մի շարք նախագծեր, մասնավորապես նոր մարզադաշտ է կառուցվելու Իջեւանում, վերակառուցվելու է Վանաձորի եւ Հանրապետական մարզադաշտերը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































