Ռուսաստանում արգելել են «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ Խոսքը 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի մասին է, ՌԲԿ-ին հայտնել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) ղեկավարի տեղակալ Ռեւազ Յուսուպովը։ Դրանից առաջ էլ ռուսական կողմն արգելել էր Պռոշյանի կոնյակի գործարանի ռուսաստանյան մասնաճյուղի արտադրության լիցենզիան:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնում է թեմային. «Ես դեռ երկու շաբաթ առաջ էի կանխատեսել, որ նման բան կարող է լինել: Երբ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպում ունեցան, բավականին շատ տեսակետներ նետվեցին դաշտ, ոմանք հրճվեցին ու ուրախացան Փաշինյանի հայտարարություններից, իսկ շատերն էլ, ինձ նման` ոչ: Ես, իհարկե, քաղաքական վերլուծաբան չեմ, սակայն գիտեմ, որ երկրների ղեկավարներն ունենում են հանդիպումների բաց եւ փակ մասեր: Բաց մասերը սովորաբար կոռեկտ ու կոկիկ են լինում, բարի բառամթերքով, իսկ փակ մասում հիմնականում քննարկվում են կնճռոտ հարցեր, բայց մենք տեսանք, որ բավականին բարդ ու կնճռոտ հարցեր Վլադիմիր Պուտինը ներկայացրեց բաց մասում: Որոշ շրջանակներ Հայաստանում ուրախացան, ոգեւորվեցին, ասացին` տեսա՞ք, թե ոնց Պուտինի պորտը տեղը դրեց Փաշինյանը, եւ այսպես շարունակ, բայց իրականում քաղաքականության մեջ անթույլատրելի է էմոցիաներին տրվելը` առանց հետեւանքների մասին մտածելու: Ցանկացած խոսք, ցանկացած հայտարարություն ու ժեստ, երբ արվում է երկրի ղեկավարի կողմից, անպայմանորեն հետեւանք է ունենում երկրի վրա: ՔՊ-ական միջավայրերում ասում են, որ եթե մենք անկախ ենք, ուրեմն Փաշինյանն այդպես պետք է վարվի, դա մեր անկախության գինն է եւ այլն։ Անգամ եղան ՔՊ-ականներ, որ պնդեցին, թե պատրաստ են 600 դոլար վճարել գազի սակագնի համար` դա անկախության գինն է: Մեծ-մեծ խոսքեր ասելը հեշտ է, պետք է զգալ կաշվի վրա եւ հասկանալ, թե այդ ամենը որքանով է տանելի: Հայաստանը Ռուսաստանից կախվածության մեջ է:
Ամենամեծ առեւտուրը Հայաստանն անում է Ռուսաստանի հետ, ինչպե՞ս կարելի է առանց այդ ամենը հաշվի առնելու անել քայլեր»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































