Լրահոս
Նվիրյալը
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազն ԱԱԾ սահմանապահ զորքերում ժամկետայինների մահվան դեպքերը ներկայացնում է ՀՀ ԶՈւ-երում գրանցված դեպքերի շարքում, մինչդեռ այս դեպքում պատասխանատուն ԱԱԾ տնօրենն է. «168 ժամ»

Ապրիլ 30,2026 11:51 Share

Ապրիլի 29-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. գործունեության մասին հաղորդումը:

Այս համատեքստում նա անդրադարձել է նաև ուժային կառույցներում արձանագրված դեպքերին:

Այնուհետև Վարդապետյանը որոշել է առանձին ներկայացնել 2025թ. ՀՀ զինված ուժերում արձանագրված՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերը, բայց դիտմամբ, թե պատահմամբ դրանց շարքում հիշատակել է նաև Սահմանապահ զորքերում գրանցված դեպքերը, թեպետ Սահմանապահ զորքերն ԱԱԾ ենթակայության տակ են, իսկ ԱԱԾ-ն էլ  ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:

«2025թ. ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ 6 ժամկետային զինծառայող, սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային, այսինքն, ծառայության հետ կապված մահվան ընդհանուր 9 դեպք՝ 2024թ. 27 դեպքի համեմատ:

Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութություն՝ 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդուն մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք: 2025թ. ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66 տոկոսով»,- թվարկել է Աննա Վարդապետյանը:

Այսինքն, Գլխավոր դատախազն ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերում ժամկետայինների մահվան դեպքերը ներկայացնում է ՀՀ ԶՈւ-երում գրանցված դեպքերի շարքում, մինչդեռ այս դեպքում պատասխանատուն ԱԱԾ տնօրենն է և Նիկոլ Փաշինյանը, որին ուղիղ ենթարկվում է Անդրանիկ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է բանակին, ապա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026թ. հունվարին հայտարարել էր, որ 2025թ. ծառայության հետ կապված ունեցել են մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված:

Վերադառնանք Աննա Վարդապետյանին և հիշեցնենք, որ բանակում 2023թ. վերաբերող դեպքերի հետ կապված նա ևս վրիպումներ էր թույլ տվել, այս անգամ՝ ՊՆ-ի պաշտոնական թվից տարբերվող թիվ էր ասվել: Եվ սա անձամբ Դատախազությունն էր ընդունել, որ 54-ի փոխարեն՝ նշվել է 22: Եվ հենց այստեղ նորից վերադառնանք Գլխավոր դատախազի նշած 27 թվին:

2025թ. ապրիլին Աննա Վարդապետյանն անդրադառնալով բանակում դեպքերին՝ նշել էր.

«2024թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայողների ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, հիշեցնեմ՝ 2023 թվականի թիվը կրկնապատիկ էր՝ 54 դեպք»:

Ի դեպ, ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող»:

Իսկ հիմա թե Դատախազությունում ինչպես են ընկալում Աննա Վարդապետյանի վրիպումները, շփոթություն առաջացնող ձևակերպումները, կամ՝ արդյո՞ք կընդունեն, թե՞ ոչ, որ դա կարող է մանիպուլյացիայի տեղիք տալ, իրենց խնդիրն է:

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930