«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արձագանքել է լրագրողների հետ ճեպազրույցում Արցախում հայկական եկեղեցիները քանդելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որոնցով նա, ըստ էության, արդարացնում է այդ վանդալիզմը։
«Լրագրողն ասում է՝ Արցախում եկեղեցիները քանդում են, ջարդում են, փշրում են, հողին են հավասարեցնում։ Ինչո՞ւ չեք ծպտուն հանում, պարոն վարչապետ։ Ու վարչապետն ասում է, թե Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ես որպես այս թեմայի մասնագետ, ասեմ. Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել։ Հայաստանի Հանրապետության տարածքը քառակուսի կիլոմետրով, կոնկրետ քարտեզով չի ճանաչել։ Ալմա Աթայի հռչակագրով ճանաչում նշանակում է ասել, որ Խորհրդային Միության վարչական սահմանները ճանաչում են։ Բայց ինչ քարտեզո՞վ։ Ադրբեջանն ասում է՝ քառակուսի կիլոմետրով քարտեզի մասին կխոսենք սահմանազատման գործընթացից հետո։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քառակուսի կիլոմետրով՝ կոնկրետ քարտեզով, Ադրբեջանը ճանաչել է։ Հիմա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրար ճանաչել ենք, այս մասը սուտ է, Ադրբեջանը չի ճանաչել»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է. «Պատկերացրեք, սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք, տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ։ Ասենք, 2016 թվականին։ Մեր ռեակցիան, մենք ի՞նչ պետք է անենք։ Օրինակ, այդ մզկիթի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում՝ այս հողը մերն է եղել։ Մենք ի՞նչ պետք է անենք»։
Այս մասով Էդմոն Մարուքյանն ասաց. «Ըստ էության, Ադրբեջանի փաստաբանություն է իրականացվում։ Այսինքն, Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում, որ եկեղեցին քանդել ենք, որովհետեւ կարող է ինչ-որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա։ Դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, Ադրբեջանն անգամ չի արդարանում, բայց Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանին արդարացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ու արդարացնում է ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ միջազգային հանրության համար, որ այս վանդալիզմը, հայկական եկեղեցին՝ քրիստոնյա առաջին ազգի եկեղեցին քանդելու հարցում ամեն ինչ նորմալ է։
Կարդացեք նաև
Այստեղ հարց է առաջ գալիս, բա ՀՀ-ում ապրող քաղաքացիներ չկա՞ն, որոնք ԽՍՀՄ քաղաքացիներ էին, որ ունեին սեփականության վկայականներ, որոնք իրենց գույքը կորցրել են։ Պարզ է չէ՞, որ հարյուր հազարից ավել էին։ Բա ա՞յդ թեման։
Ուշադիր լսեք։ Արծվաշեն հետ բերելը գիտե՞ք ինչի մասին է. Հենց հիմա ՀՀ այսօրվա մեր տարածքից Ադրբեջանին հողեր հանձնելու մասին է։ Այսինքն, մերոնք էլի հողեր են հանձնելու Ադրբեջանին, բայց դրա փաթեթը լինելու է այն, որ մենք ուզում ենք Արծվաշենը բերենք։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ վերահսկված տարածքներից Տավուշի մարզում հողեր են հանձնվել Ադրբեջանին այն փաթեթով, որ սահմանազատում է գնում եւ Ադրբեջանն էլ իր օկուպացված տարածքներից է հանձնելու։ Բայց Հայաստանը հանձնեց, Ադրբեջանը չհանձնեց։
Հիմա ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը Ադրբեջանին նոր տարածքներ է հանձնելու, Հայաստանը ստրատեգիական ճանապարհներ է կորցնելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է. ես քեզ նոր տարածքներ եմ հանձնելու, դրա համար աջակցիր ինձ։ Ու պատրվակը լինելու է Արծվաշենը հետ բերելը։ Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում չի ընտրվի ու դրա համար մենք անելու ենք ամեն ինչ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































