Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ենք բացատրելու եվրոպացի գործընկերներին, որ մեր երկրում իշխանությունը փորձում է միջամտել եկեղեցական կանոնակարգերին՝ միաժամանակ խոսելով մարդու իրավունքներից

Մայիս 01,2026 12:27 Share

Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները պատրաստվում են ընդունել Եվրոպական միության պատվիրակներին։ Այցի սպասումներով ոգևորված պաշտոնական օրակարգը ողողված է «ժողովրդավարական բարեփոխումների» և «արևմտյան արժեքների» մասին գեղեցիկ լոզունգներով։ Սակայն այս դիվանագիտական ժպիտների թիկունքում թաքնված է մի դառը իրականություն, որը հակասում է հենց եվրոպական քաղաքակրթության հիմքում ընկած ազատությունների սկզբունքին։ Եվրոպան, որի հիմքերը խարսխված են քրիստոնեական արժեհամակարգի վրա, այսօր մեզ ներկայացվում է որպես մի հարթակ, որտեղ իբրև թե տեղ չկա ազգային-եկեղեցական ավանդույթների համար։

ՀՀ իշխանությունները, փորձելով աշխարհին ներկայանալ որպես «առաջադեմ» և «ազատական», ներսում հետևողականորեն թիրախավորում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ այն ներկայացնելով որպես զարգացմանը խոչընդոտող հնամենի մի կառույց։ Սա մեծագույն կեղծիքն է։ Չի կարող լինել ժողովրդավարություն այնտեղ, որտեղ պետական մեքենան լծված է ազգի հոգևոր ինքնավարությունը խաթարելու գործին։ Ինչպե՞ս ենք բացատրելու եվրոպացի գործընկերներին, որ մեր երկրում իշխանությունը փորձում է միջամտել եկեղեցական կանոնակարգերին՝ միաժամանակ խոսելով մարդու իրավունքներից։

Այս ամեն ֆոնին առավել քան տարակուսելի է հենց եվրոպական կառույցների և պատվիրակների կեցվածքը։ Մենք գործ ունենք դասական «երկակի ստանդարտների» հետ, որտեղ ժողովրդավարության բարձրագոչ արժեքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին։ Ինչպե՞ս է պատահում, որ մի դեպքում եվրոպական պատժամիջոցներ ու խիստ զեկույցներ է հրապարակվում մարդու իրավունքների ամենափոքր խախտման համար, իսկ մեր պարագայում՝ լռությամբ օրինականացնում է Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։

Գենադի Մնացականյան

Սուրբ Ներսես Լամբրոնացին իր «Ատենաբանության» մեջ հանճարեղ միտք ունի․ «Ճշմարտությունը չի կարող կիսատ լինել․ այն կամ ամբողջական է, կամ՝ սուտ»։ Երբ ԵՄ պատվիրակները խոսում են Հայաստանում ժողովրդավարության «առաջընթացի» մասին, բայց աչք են փակում Եկեղեցու նկատմամբ կիրառվող ոչ ժողովրդավարական մեթոդներ վրա, նրանց մատուցված «ճշմարտությունը» դառնում է հենց այն սուտը, որի մասն զգուշացնում էր Շնորհալու զարմը՝ Ներսես Լամբրոնացին։

Աստվածաշնչյան պատգամն ասում է․ «Մի՛ խաբվեք, Աստված չի ծաղրվում» (Գաղատ․ 6-7)։ Հնարավոր չէ աշխարհին ներկայանալ որպես արդարության ջատագով, բայց տան ներսում հալածել Աստծո Տունն ու նրա սպասավորներին։

Այսօրվա քաղաքական կոնյուկտուրան փորձում է «ծաղրել» մեր հոգևոր զգացումները՝ մատուցելով մեզ մի ազատություն, որն իրականում ստրկություն է օտարի կամքին և սեփական արժեքների ուրացմանը։

Չի կարող լինել «ժողովրդավարության բաստիոն» մի երկրում, որտեղ հոգևորականին փորձում են զրկել խոսքի իրավունքից, իսկ Մայր Աթոռին՝ իր սահմանադրական կարգավիճակից։ Երբ արևմտյան դիվանագետները ձեռք են սեղմում նրանց, ովքեր թիրախավորում են հայկական ինքնության հիմքերը, նրանք դառնում են այս հոգևոր բռնապետության լուռ գործընկերները։

Եթե Եվրոպան իրոք հավատարիմ է իր արժեքներին, ապա պետք է տեսնի, որ առանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Հայաստանը կորցնելու է այն քրիստոնեական ինքնությունը, որով դարեր շարունակ կապված է եղել հենց եվրոպական քաղաքակրթությանը։ Առանց այդ հոգևոր կապի՝ մեր գործընկերությունը վերածվում է սոսկ շահադիտական գործարքի, իսկ մեր պետականությունը՝ մի ամայացած տաճարի, որի գմբեթն անխաչ է, իսկ հիմքերը՝ զուրկ այն ժայռից, որի վրա պիտի կառուցվեր մեր ազգային հարատևությունը։

 

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031