Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Փաշինյանի խոսույթը խիստ վտանգավոր խոսույթ է՝ հայկական կողմը երբեք չի որդեգրել մշակութային ցեղասպանության քաղաքականություն»

Մայիս 01,2026 16:30 Share

«Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքով հանցագործություն է՝ հակասող կոնվենցիաներին եւ արդեն գնահատված պատերազմական հանցագործությունների պրակտիկայում։ Այս պայմաններում հարցը միջազգային ատյաններում չբարձրաձայնելը իրավական չէ, այլ քաղաքական որոշում է, որը գործնականում թուլացնում է հայկական կողմի դիրքերը եւ կարող է ընկալվել որպես անուղղակի խրախուսում շարունակվող ոչնչացման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցը քննարկման առարկա դարձնել միջազգային ատյաններում։

Օրերս տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Դրան նախորդել էր տեղեկությունը, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանը բռնազավթած Արցախում ոչնչացրել է ամբողջական բնակավայրեր, Ստեփանակերտի հին թաղամասը, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ահազանգել է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը՝ ընդգծելով, որ սա կարելի է համարել 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։

Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ միջազգային հարթակներում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցը քննարկման առարկա չդարձնելը նշանակում է հրաժարվել փաստագրումից, պատասխանատվության մեխանիզմներից եւ միջազգային ճնշում ձեւավորելու հնարավորությունից։ «Սա ոչ միայն մշակութային ժառանգության, այլ նաեւ ազգային ինքնության պաշտպանության հարց է, եւ նման պասիվությունը երկարաժամկետ առումով վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այս խնդիրը երկու կողմ ունի՝ այսպիսով նաեւ մեղադրանքի սլաք ուղղելով հայերի դեմ։ Հարցին, թե կա՞ն փաստեր, որ հայկական կողմը եւս նման քաղաքականություն է վարել ադրբեջանական հուշարձանների նկատմամբ, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայկական կողմում պետական կամ համակարգված քաղաքականության մակարդակով չկա փաստագրված ռազմավարություն, որը նպատակաուղղված է եղել ադրբեջանական մշակութային կամ կրոնական ժառանգության ոչնչացմանը։ Ընդհակառակը՝ տարբեր ժամանակներում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում առկա մզկիթների մի մասը պահպանվել կամ նույնիսկ վերանորոգվել են։ Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը վերանորոգվել էր հայկական վերահսկողության շրջանում՝ միջազգային մասնակցությամբ»։

Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական կողմը երբեք չի որդեգրել մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Եղած առանձին դեպքերը չեն կարող հավասարեցվել համակարգված ոչնչացման հետ։ Պահպանված եւ վերանորոգված մզկիթների փաստերը ցույց են տալիս, որ հայկական մշակութային մոտեցումը չի եղել բարբարոսական։

«Հետեւաբար «երկու կողմերն էլ նույնն են արել» ձեւակերպումը իրավական եւ պատմական տեսանկյունից խոցելի է եւ կարող է շահարկվել։ Այսինքն՝ խիստ վտանգավոր խոսույթ է։ Եթե հայերը մշակութային ժառանգություն ոչնչացնող էին, ապա Փանահ խանի դամբարանը կոչնչացնեին, այն գտնվում է Ակնայում։ Եվ ադրբեջանցիները բազմիցս այն ցույց են տվել ագրեսիայի հետեւանքով իրենց վերահսկողության տակ անցած տարածքում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հակառակորդ կողմը միջազգային ատյաններում միշտ էլ կարող է հայկական կողմի դեմ օգտագործել այսօրվա իշխանությունների հայտարարությունները։

«Այն, որ Արցախի մշակութային ու կրոնական օբյեկտները ոչնչացնելը հանցագործություն է, դա փաստ է։ Դա որեւէ ձեւով արդարացնել, փորձել ծածկել կամ դրա մասին չխոսելն ինքնին անթույլատրելի ու հանցավոր վարքագիծ է։ Ես բազմիցս ասել եմ, որ այն վարքագիծը, այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք կատարվում են Հայաստանի իշխանությունը զավթած խմբի կողմից, դրանց գնահատականներ տրվելու են, երբ արդեն կլինի իշխանափոխություն։ Սրա մասին խոսք լինել չի կարող՝ հետագայում նախաձեռնվելիք քրեական վարույթների շրջանակներում թե այդ հայտարարություններին, թե գործողություններին պետք է գնահատական տրվի»,- ասաց Գագիկ Թավադյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031