Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Ավինյանն անձամբ էր խոստացել կառուցել հետիոտնային անցում, միգուցե 10 տարի հետոյի համա՞ր է խոստումը տվել»․ «Վերածնունդ»-ի բնակիչները փակել էին ճանապարհը

Մայիս 01,2026 15:10 Share

Երեւանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչներն այսօր փակել էին Ծիծեռնակաբերդի խճուղին՝ բողոքի ցույց անցկացնելով եւ պահանջելով, որպեսզի Երեւանի իշխանությունները լուծեն ճանապարհների անվտանգության հարցը։

Թաղամասի երեխաները կավիճներով հետիոտնային անցում են նկարել ճանապարհին, որտեղ անցում չկա։ Բնակիչների խոսքով՝ դեռեւս 2,5 տարի առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ թաղամասին հարակից Ծիծեռնակաբերդի խճուղում կտեղադրվի լուսացույց, կկառուցվի հետիոտնային անցում, բայց խոստումը չի կատարել։

«4000 բնակչի թողել են կղզյակի մեջ, եւ մեր երեխաներն ամեն օր ճանապարհը սխալ հատելով՝ գնում են դպրոց ու տուն են գալիս։ Քաղաքապետի հետ հանդիպում եղել է 2,5 տարի առաջ, եւ ասել է՝ անձամբ խոստանում եմ մինչեւ սեպտեմբերի 1-ն այդ հարցը լուծված կլինի՝ սկզբում կկառուցենք հետիոտնային անցում, հետո արդեն 6 ամսվա ընթացքում՝ լուսացույց։ Դրանից անցել է 2 սեպտեմբերի մեկ, շուտով երրորդն է գալիս, չգիտեմ՝ ինքը որ սեպտեմբերի մեկն է նկատի ունեցել, միգուցե 10 տարի հետոյի համար է խոստումը տվել։ Դրանից հետո համատիրության անդամների հետ թաղապետարան ենք գնացել, ասել են՝ դիմում գրեք, որպեսզի շատ արագ այդ հարցին լուծում տանք, բայց ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։ Եվ 4000 բնակիչ, ամեն իր օր կյանքը վտանգելով, այս ճանապարհն անցնում է։ Հիմա ստիպված այս քայլին ենք դիմել, գուցե որեւէ մեկին կհետաքրքրի։ Նորմալ երկրներում նույնիսկ մետրոյի կայարան են կառուցում նոր թաղամասի համար, իսկ մեր ուզածն ընդամենը կանգառ է, մեկ զեբրա է, որպեսզի մեր երեխաներն ապահով գնան դպրոց ու վերադառնան»,- ասաց բնակիչներից մեկը։

Թաղամասին հարակից տարածքում ընդամենը մեկ կանգառ է տեղադրված՝ մեկ ուղղությամբ։ Ըստ բնակիչների՝ դա հարցը չի լուծում, խնդիրը դիմացի մայթի կանգառն է եւ հետիոտնային անցումը, որպեսզի մարդիկ կարողանան փողոցն անվտանգ հատել։

Որոշ ժամանակ անց բնակիչները բացեցին ճանապարհը եւ հայտարարեցին, որ ժամանակ են տալիս քաղաքապետարանին՝ խնդրին արձագանքելու ու լուծումներ առաջարկելու համար։ Եթե քաղաքապետարանը աշխատանք չիրականացնի այս ուղղությամբ, բնակիչները հաջորդիվ պատրաստվում են ավելի երկար ժամանակահատվածով փակել ճանապարհը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031