5 կուսակցություն Հայաստանից եւ մեկ կուսակցություն Արցախից` ՀՀԿ-ն, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը»,ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հանդես են եկել հայտարարությամբ, որում հակիրճ ներկայացնում են Հայաստանում ժողովրդավարության ողբալի վիճակը եւ կոչ են անում իրենց եվրոպացի գործընկերներին ուշադրություն դարձնել այդ վիճակի վրա, ոչ թե զբաղվել երեսպաշտությամբ: Վստահ եմ, որ նույն կարծիքի են նաեւ այլ ընդդիմադիր ուժերը, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանը» եւ «Միասնության թեւերը», որոնք, խորհրդարան անցնելով, Եվրոպայում համապատասխան կապեր կստեղծեն: Ինքնին ուրախալի է այն փաստը, որ նման հայտարարությամբ հանդես են եկել տարբեր գաղափարախոսություններ դավանող, տարբեր ճանապարհ անցած եւ բազմաթիվ հակասություններ ունեցող քաղաքական ուժերը:
Հուսով եմ, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում այդ համագործակցությունը շարունակվելու է, որովհետեւ այսօր պարզ է, որ Փաշինյանը կարող է վերարտադրվել միայն աննախադեպ կեղծիքների միջոցով, որոնց հիմքերն արդեն իսկ դրվել են քաղաքական ռեպրեսիաների տեսքով:
Հետեւաբար, ընդդիմադիր կուսակցությունների միացյալ ջանքերի նպատակը պետք է լինի իշխանական կեղծիքները բացահայտելն ու բացատրելը: ՔՊ-ն, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք ընտրապայքար են մտել ոչ թե խորհրդարան անցնելու, այլ Փաշինյանի ընդդիմախոսներին պախարակելու նպատակով (բարեբախտաբար, դրանց վարկանիշը ցածր է), ի թիվս այլ մեղադրանքների, հնչեցնելու են ավանդական «փաստարկը»՝ «բա որ ձեր վախտ…»: ՀԱԿ-ը (ՀՀՇ-ն), ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն այս կամ այն չափով, այո, նախկինում նպաստել են ընտրությունների՝ ոչ արդար լինելուն:
Այդ մեղադրանքը նրանք պետք է ընդունեն սառնասրտությամբ՝ նախ այն պատճառով, որ այսօրվա բռնապետական վակխանալիան որեւէ նախկին ժամանակահատվածի հետ չի համեմատվի: Օրինակ, առաջ իշխող ուժի ներկայացուցիչները չէին սպառնում ընտրողներին, որ, եթե նրանք գան Հայաստան, կձերբակալվեն «Զվարթնոց» օդանավակայանում: Կամ՝ երբեք առաջին դեմքի ֆեյսբուքյան գրառման հիման վրա «իրավապահները» քրեական գործեր չէին հարուցում:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ այժմ բոլորը, այդ թվում «նախկինները», հնարավորություն ունեն շտկելու իրենց սխալները, որովհետեւ այս անգամ իշխանության վերարտադրությունը աղետալի կլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































