Եթե մենք կոնկրետ արդյունքներ չունենանք Երեւանում անցկացվող այս ԵՄ գագաթնաժողովից, ապա դա ընդամենը կդառնա գեղեցիկ, թանկ, բայց մեզ համար անիմաստ անցկացված միջոցառում: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
«Արցախցիների Արցախ վերադարձի հարցը ոչ Փաշինյանն է իր տնից հետը բերել, ոչ էլ կարող է ինչ-որ բան անել, որովհետեւ դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է եւ դա միջազգային ամրագրում է ստացել հենց այս կառավարության դիմումի հիման վրա: Շատ ծիծաղելի ու անլուրջ է աշխարհին պետությունը ներկայանում, երբ քայլ է անում, դիմում է, որ վերադարձի հարցը քննարկվի, ու ամիջապես հրաժարվում, որովհետեւ ներքաղաքական առումով դա իրեն հարմար չէ: Վերադարձի իրավունքն ամրագրված է արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի ակտով»,- ասաց Թաթոյանը՝ շեշտելով, որ խնդիրների լուծման համար պետք է Ադրբեջանի վրա ճնշում լինի:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ոչ միայն Բաքվում պահվող մեր հայ պատանդների հետ կապված պետք է ճնշում լինի, որ նրանք ազատ արձակվեն, այլ արցախցիների Արցախ վերադարձի իրավունքը պետք է առաջ բերվի ու դառնա միջազգային օրակարգի հարց: Ըստ Թաթոյանի՝ ճնշում պետք է լինի, որ Արցախի պատմամշակութային արժեքների պաշտպանությունը նաեւ դառնա օրակարգային:
«Հայաստանը այնպիսի իշխանություն պետք է ունենա, որ այս հարցերը բերվեն օրակարգ, սրանք մեր պետականության շահերից բխող կոնկրետ հարցեր են: Եթե չես բերում միջազգային օրակարգ, դրանք աստիճանաբար մոռացվում են ու դա ձեռնտու է միայն Ադրբեջանին»,- հավելեց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական տերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































