Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ։
Ողջունելով Ֆրանսիայի նախագահին, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար:
«Հայաստանը 1991 թվականից հետո հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում, և մենք անցել ենք այս ճանապարհը նաև Ֆրանսիայի աջակցությամբ և օգնությամբ: Իհարկե, դա իր պատմական արմատներն ունի, մենք քաղաքակրթական նույն արժեքների կրողն ենք, մենք քրիստոնեական արժեքների համար պայքարող շրջանակներում ենք միասին եղել: Վստահ եմ, Ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահը:
Էմանուէլ Մակրոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ հյուրընկալության համար․ «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում պետական այցով, մենք վաղը նույնպես կունենանք հանդիպումներ, որոնք, կարծում եմ, նոր էջ կբացեն Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունը՝ ընդգծելով դրա շարունակական խորացման և նոր ռազմավարական ուղղություններով ընդլայնման կարևորությունը։
Նախագահները հանգամանալից անդրադարձել են քաղաքական, տնտեսական, պաշտպանական և կրթամշակութային ոլորտներում համագործակցության օրակարգին՝ կարևորելով կոնկրետ արդյունքների միտված նախաձեռնությունների կյանքի կոչումը։
Նախագահ Էմանուէլ Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին և խորացնելու երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես պաշտպանության, ենթակառուցվածքների զարգացման, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառներում՝ դրանք դիտարկելով որպես երկարաժամկետ գործընկերության առանցքային ուղղություններ։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հետևողական դիրքորոշումը՝ ուղղված խաղաղության օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը՝ առանց նախապայմանների, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա։
Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են պառլամենտական դիվանագիտության շարունակական զարգացումն ու երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության հետագա առաջմղումը:
Կողմերն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով դրա դերը տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և համայնքների կայուն զարգացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։
ՀՀ նախագահի աշխատակազմ


















































