Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մի նախագիծ է, որը կբերի խաղաղություն»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Մայիս 05,2026 20:22 Share

«Սահմանների բացումը մեր տարածաշրջանում միանշանակ դրական ազդեցություն է ունենալու ոչ միայն հայկական տնտեսության համար, այլև Հարավային Կովկասի համար ընդհանուր առմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ավելի մեծ ազդեցություն է ունենալու, քան զուտ Հարավային Կովկասը»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Բացելով Հարավային Կովկասը – նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Փաստելով, որ աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն լոգիստիկ խաթարումներ, Վահան Կոստանյանը նշեց․ «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը մեծ հնարավորություն է։ Հայաստանին սա մրցակցային առավելություն է տալու՝ դառնալու անխոչընդոտ կապակցվածության աղբյուր ԵՄ-ի հետ։ Եվ այս ուղղությամբ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ ԱՄՆ-ն մեր առաջնային գործընկերն է այս ուղղությամբ, որի հետ իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը։ Մոտ ապագայում համատեղ նախաձեռնությամբ ենք հանդես գալու ԵՄ-ի հետ»։

Հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը դռներ բացում ներդրումների համար, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «ՀՀ-ն ժողովրդավարական, ապահով երկիր է։ Այն շարունակելու է ներդրումային ոլորտը զարգացնել։ Ամեն օր էլ ավելի գրավիչ ենք դառնում, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ ընկերություններ են հետաքրքրություն հայտնում գալ Հայաստան»։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում միջին միջանցքի դիմակայությունը, արդյոք արևմտյան ներդրումների պատուհանը բավականաչափ կայո՞ւն է, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար Սոնատա Քոուլթերը պատասխանեց․ «Միանշանակ՝ այո, բավարար վստահություն և երաշխիքներ կան ներդրողների համար։ ԱՄՆ-ի առումով հստակ օրակարգ ունենք․ աշխատում ենք սերտացնելու երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեր առաջնորդներն ընդհանուր գիծը գծել են, մենք՝ դիվանագետներս, բյուրոկրատներս, փորձում ենք առաջ տանել։ Բոլորս էլ նույն ուղղությամբ ենք թիավարում։ Սա մի տարածաշրջան է, որտեղ արժի ներդրումներ անել, այն հետաքրքրում է արևմտյան ներդրողներին»։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասաց․ «Հայ ժողովուրդն է ասել, որ ուզում է այս նախագիծը։ Սա մի նախագիծ է, որը կբերի խաղաղություն, որը բերում է անվտանգություն և բարգավաճում։ Միայն քաղաքական հռետորաբանություն չէ, այլ կոլեկտիվ հնարավորություն օգնելու ՀՀ ժողովրդավարությանը, որ ՀՀ-ում զգան, քաղեն օգուտները փոխկապակցվածությունից, ինչպես նաև Վրաստանում ու Ադրբեջանում։ ԱՄՆ հանձնառությունը Հայաստանին անցողիկ պահ չէ, այլ հարատև, վճռորոշ հանձնառություն, որը ժամանակի ընթացքում ավելի վճռորոշ է դառնալու»։

«Բացելով Հարավային Կովկասը – նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031